Ռազմական 

Վիրավորված մյուս երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան

analitik.am

Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից երկուսը` ժամկետային զինծառայող Էդգար Մարտիրոսյանը և սպա Սարգիս Գաբրիելյանը, արդեն Երևանում են՝ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:



«Էդգար Մարտիրոսյանը որովայնի թափանցիկ հրազենային վիրավորում ունի հաստ և բարակ աղիների վնասումով, վիրահատվել է Մարտակերտի հոսպիտալում, վիրահատությունը բերահաջող է անցել։ Սպա Սարգիս Գաբրիելյանն ունի աջ վերին վերջույթի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա եւ բազմաթիվ բեկորային վիրավորումներ: Նա նույնպես գտնվում է հետվիրահատական ընթացքում»,- ասաց Արամ Ասատուրյանը` նշելով, որ երկու զինծառայողի վիճակն էլ կայուն ծանր է:



Արամ Ասատուրյանը տեղեկացրեց, որ վիրավորված մյուս երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:



«Մեկի մոտ գլխի գանգուղեղային հրազենային վիրավորում է, մյուսի մոտ`  գնդացրային տրավմատիկ ամպուտացիա»,- ասաց Արամ Ասատուրյանը` նշելով, որ նրանք գտնվում են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, Երեւան տեղափոխվելու հարցը կքննարկվի վիճակի կայունանալու դեպքում:



Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:


Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Նույն շարքից