Ադրբեջանն օգտագործում է հակառակորդի կողմն անցած արցախցի ռազմագերուն քարոզչական նպատակներով, ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, մարտի 22–ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, թողնելով զենք ու զինամթերքը հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանը։ Երկուշաբթի ադրբեջանական ԶԼՄ–ները Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութ են տարածել։
«Ադրբեջանն օգտագործում է ռազմագերիներին իր հակահայկական քարոզչության հաստատման համար։ Այսինքն, նստեցնում է նրանց տեսախցիկների առջև և ստիպում ասել այն, ինչ պետք է ադրբեջանական կողմին»,– ասաց Մելիք Շահնազարյանը։
Ըստ նրա` դա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն ստիպում է Ադրբեջանի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ելույթ ունենալ տեսախցիկների առջև որոշակի հայտարարություններով։
«Այսպիսով, Ադրբեջանը ցույց է տալիս իր քաղաքականության հետևողականությունը, այն, որ նա կանգ չի առնի ոչնչի առջև իր նպատակին հասնելու համար»,– ավելացրեց նա։
Քաղաքագետը միաժամանակ ընդգծեց, որ հայկական բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը բավականին բարձր մակարդակի վրա է և խորհուրդ տվեց տեղական ԶԼՄ–ներին` չտարածել ադրբեջանական քարոզչությունը։