Ռազմական 

Բաքուն շահարկում է հայ գերիների գործոնը և այդ փաստն օգտագործում բացառապես քարոզչական նպատակներով. փորձագետ

analitik.am

Բաքուն փորձում է շահարկել Ադրբեջանի տարածքում հայտնված հայերի թեման, և Բաքվին ձեռնտու է, որ հայկական լրատվամիջոցները տարածեն ադրբեջանական քարոզչական դրսևորումները, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է քաղաքագետ Միքայել Յալանուզյանը` մեկնաբանելով ղարաբաղցի զինծառայողի հետ կապված միջադեպը։



ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ.–ին ծնված շարքային պայմանագրային Անդրանիկ  Գրիգորյանը: Երկուշաբթի ադրբեջանական ԶԼՄ–ները տարածեցին տեսանյութեր` Գրիգորյանի մասնակցությամբ։



«Վերջին տարիների իրադարձությունները, երբ հայ զինծառայողները կամ առանձին մարդիկ հայտնվել են ադրբեջանական տարածքում, ցույց են տալիս, որ անկախ ամեն ինչից Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ կամ շահարկել գերու, բռնված մարդու կամ ինքնակամ սահմանը անցած զինծառայողի գործոնը, այսինքն նրանց նպատակն է հստակ մանիպուլյացիա իրականացնել այնտեղ և այս կամ այն փաստն օգտագործել բացառապես քարոզչական նպատակներով», – ասել է Յալանուզյանը։


 

Նրա խոսքով` Բաքվի համար ցանկալի է և ձեռնտու, որ ադրբեջանական քարոզչական երևույթները կրկնօրինակեն հայկական լրատվամիջոցները, այսինքն դա ուղղված է հայկական լսարանին և «եթե մենք տարածում ենք, մենք ջուր ենք լցնում նրանց ջրաղացին», – ընդգծել է փորձագետը։



Փորձագետը կարծում է, որ նման իրավիճակում լրատվամիջոցը պետք է առաջնորդվի միայն փաստական տվյալներով, այսինքն արձանագրի, որ տեղի է ունեցել այսպիսի միջադեպ, զինծառայողը անցել է սահմանը, և դրանով սահմանափակվի: «Սա կարծում եմ, որ ամենազուսպ տարբերակն է, քանի որ մենք չունենք փաստեր, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել», – ասել է փորձագետը։

 

 

Նույն շարքից