Ռազմական 

Հայաստանում զորակոչիկները պետք է կանգնեն առաջնագծում և պաշտպանեն դիրքերը. փորձագետ

analitik.am

Հայաստանում զորակոչիկները պետք է կանգնեն առաջնագծում և պաշտպանեն դիրքերը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց փորձագետ Կարեն Վրթանեսյանը` մեկնաբանելով այն հայտարարությունները, թե արժե՞, որ սահմանին առաջին գծում լինեն կանոնավոր բանակի զինվորները, թե՞ դրա փոխարեն ավելի արդյունավետ կգործեն վետերանները:



«Ես համոզված եմ, որ զորակոչիկը պետք է պահի սահմանը, որովհետև դա մարտական փորձ է ու զորակոչային բանակի առաջին նպատակներից մեկն այն է, որ ստեղծվի մարտունակ, մարտական փորձ ունեցող մոբիլիզացիոն ռեզերվ, որը ռազմական իրավիճակի դեպքում հնարավոր կլինի շատ արագ հավաքագրել և զինակոչ սկսել և շարք կանգնեցնել», – նշել է Վրթանեսյանը։



Նրա խոսքով` հայկական բանակի մոդելը իրականում հիբրիդ մոդել է, այսինքն մեր բանակում և՛ պայմանագրային ծառայություն կա, և՛ ժամկետային:



Խոսելով պրոֆեսիոնալ բանակի անցնելու հնարավորության մասին` Վրթանեսյանը նշել է, որ աշխարհում ոչ մի պետություն, որը ռազմական հակամարտություն իր սահմանների մոտ ունի, չի հրաժարվում ժամկետային զինծառայության մոդելից:



Նրա խոսքով` Եվրոպայի շատ երկրները, օրինակ` Մերձբալթիկայի երկրները, հաշվի առնելով վերջին իրադարձությունները Ուկրաինայում, վերսկսում են պարտադիր զորակոչը։



«Գերմանիան, որը մի քանի տարի առաջ հրաժարվել էր զորակոչից և փորձել էր անցնել լրիվ պայմանագրային մոդելի, պարզվեց, որ չի կարողանում բավական քանակով մարդ հավաքել, որպեսզի համալրի զինված ուժերը։ Եվ հիմա խոսակցություններ սկսվեցին, և ստիպված են լինելու զորակոչը վերականգնել», – նշել է Վրթանեսյանը։

Նույն շարքից