Դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են հետախուզադիվերսիոն գործողություններ, որոնք հանդիպելով հայկական կողմի կուռ պաշտպանությանը ձախողվել են, եւ նախահարձակ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, ավելի ուշ հայտնի է դարձել, որ միայն Թալիշի ուղղությամբ ադրբեջանական կողմն առնվազն տվել է 3 զոհ եւ վիրավորներ, որոնցից մեկը գտնվում է մահամերձ վիճակում: Ըստ ՊԲ նույն աղբյուրների, ադրբեջանական զինուժը կորուստներ է կրել նաեւ հարավային ուղղությամբ՝ տալով 2 զոհ եւ վիրավորներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ պատժիչ գործողություններից սարսափած հակառակորդը հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ, այսօր՝ ժամը 15:40-ի սահմաններում, կիրառել է զրահատեխնիկա (տանկ):
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն եւ պատրաստ են ջախջախիչ հարված հասնել ցանկացած սադրանքի: