Ռուսաստանը պատրաստ է Սիրիայում ակտիվորեն համագործակցել այն ուժերի հետ, որոնք «ցամաքում» պայքար են մղում ահաբեկիչների դեմ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Սալեհաթին Դեմիրթաշի հետ հանդիպման ժամանակ:
«Ակնկալում ենք, որ Ձեր Մոսկվա այցի ընթացքում կարելի կլինի քննարկելի տարածաշրջանի իրավիճակը: Սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի շրջանակում սկզբունքորեն կարեւոր է համախմբել բոլոր այն ուժերի ջանքերը, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ վճռական պայքարին»,-ասել է Լավրովը:
«Մենք գիտենք, որ «ցամաքում» ԻՊ-ի եւ մնացած այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում են Սիրիայի եւ Իրաքի քրդերը: Նրանք Իրաքի ու Սիրիայի բանակների հետ միասին պատերազմ են մղում իրենց տան, ապրելու իրավունքի եւ իրենց հողի համար: Դա նրանց անքակտելի իրավունքն է, ինչպես քրիստոնյաների, եզդիների եւ այլ փոքրամասնությունների իրավունքն է մնալ իրենց նախնիների ոհղում եւ չենթարկվել ահաբեկիչների կողմից մահացու սպառնալիքներին»,-ընդգծել է նա:
Լավրովի փոխանցմամբ, «Ռուսաստանը, Սիրիայի խնդրանքով այդ երկրում մասնակցելով հակաահաբեկչական գործողության, պատրաստ է ակտիվորեն պաշտպանել «ցամաքում» ահաբեկչական սպառնալիքին դիմակայող ուժերին»: