Ի՞նչն է հանդիսացել մայաների մշակույթի անկմանը՝ դեռեւս պարզված չէ: Կենտրոնակա Ամերիկայի Հարավային հարթավայրում էին գտնվում այդ քաղաքակրթության կենտրոնները, որոնք փլուզվել են VIII-IX դարերում ընկած ժամանակահատվածում: Կան բազմաթիվ տեսություններ. ոմանք պնդում են, որ մայաների տարածք ներխուժում է տեղի ունեցել, մյուսները՝ որ մարդիկ կորցրել են հիմնական առեւտրային երթուղիները, իսկ երրորդները ենթադրում են, որ պատճառը մայաների վերաբնակեցումն է: Տասնյակ այլ տեսություններ եւս կան, օրինակ՝ համաճարակը, կլիմայի կտրուկ փոփոխությունը, ինչպես նաեւ բնական աղետները:
Մայաները Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնիկներից են, որ հարուստ քաղաքակրթություն են ստեղծել: Դեռ հազարամյակներ առաջ մայաներն ունեին գրային մշակույթ: Նրանց մոտ կիրառական արվեստներից զարգացած էր հատկապես ճարտարապետությունը: Մայաների տաճարներն այսօր էլ իրենց վեհ տեսքով հիացմունք են պատճառում: Նրանց մեջ զարգացած էին գիտության տարբեր ճյուղեր` մաթեմատիկան, երկրաչափությունը, աստղագիտությունը, տոմարագիտությունը… Հատկապես մաթեմատիկան մեծ զարգացում ուներ: Մաթեմատիկական զրոն նրանք կիրառել են շատ ավելի առաջ, քան հին Հնդկաստանում:
Մայաների քաղաքակրթությունը զարգացման գագաթնակետին հասավ IX-X դարերում, սակայն շուտով նրանց հասարակարգը կործանվեց հյուսիսից ներխուժած տոլտեկների ցեղախմբերի հարձակման հետևանքով: Այս վայրենի ցեղերը կարողացան ոչնչացնել մայաների հարուստ մշակույթն ու հասարակարգը, աակայն չկարողացան ստեղծել սեփական հասարակարգը և ձուլվեցին բնիկ մայաներին: XII դարից սկսած` կայացավ մայաների երկրորդ վերածնունդը, որն էլ ավարտվեց ամերիկյան մայրցամաք իսպանացիների ներխուժումով:
Ուշագրավ է, որ իսպանացիների համար Ամերիկայի նվաճումը հեշտացավ մայաների հավատալիքների պատճառով: Բանն այն է, որ արևապաշտ մայաների մոտ արևը պատկերված էր շիկահեր, սպիտակամաշկ մարդու դեմքով և ամերիկյան մայրցամաք ոտք դրած իսպանացիներին մայաներն ընկալեցին որպես աստվածորդիներ:
Ներկայում մայաների թիվը կազմում է 7 միլիոն, որոնցից շատերը մինչ օրս պահպանել են իրենց հին մշակութային ժառանգությունը: Կենտրոնական Ամերիկայում, Գվատեմալայում, մեքսիկական Տաբասկո, Կամպեչե, Չիապաս եւ Յուկատան նահանգներում, ինչպես նաեւ Սալվադորում եւ Հոնդուրասում են գտնվում ժամանակակից մայաների առավել ընդարձակ բնակավայրերը: