Այսօր տեղի ունեցավ «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ստեղծվել է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում և նվիրված է հայերի կոտորածի 25-րդ տարելիցին: Ֆիլմի համար հիմք է ծառայել Բաքվի փախստականների հետ հարցազրույցը, որոնց նկարահանումն անցկացվել է ԱՄՆ-ում՝ նախագծի նկարահանող խմբի կողմից: Ֆիլմում օգտագործվել է հիշատակված վկայությունների մի փոքր մասը: Վկայություններն ամբողջությամբ տպագրելու են ընթացիկ տարվա ամռանը հրատարակվելիք ժողովածուում:
«Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն ասաց, որ այս ծրագիրը մեկ տարի առաջ են սկսել, և այն վեցերորդն է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում: Նա հայտնեց, որ նախագիծն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Մարինա Գրիգորյանը նշեց, որ իրենք փորձել են գտնել ԱՄՆ-ում Բաքվի հայ փախստականներին, որտեղ, ինչպես հայտնի է, 55 000 Բաքվի հայ կա: «Թուրքիայի և նրա ժառանգորդ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է»,-ասաց նա և նշեց, որ այդ իրադարձությունները գտնվում են դեռևս անպատիժ:
«Զգացմունքային առումով շատ ծանր էր այս նախագիծը, քանի որ մարդիկ ստիպված էին վերապրել իրենց հետ կատարվածը, նույնիսկ մարդիկ կային, որ հրաժարվում էին, իսկ շատերն էլ շնորհակալ էին, որ ՀՀ պետությունը վերջապես սկսեց այս չափազանց կարևոր նախագիծը»,- ասաց նա:
«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն, ֆիլմի սցենարի համահեղինակ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Բաքվի հայության ջարդերը, որոնք Սումգայիթի ջարդերից հետո միջազգային հանրության առաջին դեմքերի կողմից գնահատականներ են ստացել՝ որակվելով Ցեղասպանություն, հետագայում մոռացության են մատնվել:
«Ոչ միայն մեղավորներին չեն կանչել պատասխանատվության, այլև փակվել է այդ հարցը»,-ասաց նա և նշեց, որ Մադրիդյան սկզբունքում ոչինչ նշված չէ այդ փախստականների մասին: Ըստ նրա՝ այս բոլոր հարցերը պետք է պետական մակարդակով բարձրացվեն՝ որպես քաղաքական օրակարգի հարց: «Անպատասխան անպատժելիությունը նաև մեր պասիվության հետևանք է»,- ասաց նա:
Ֆիլմը թարգմանած է ռուսերեն և անգլերեն, նախատեսվում են այլ լեզուներով թարգմանություններ: Ֆիլմի պրեմիերան կայանալու է հունվարի 20-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: