Մշակույթ 

Ցեղասպանության մասին ֆիլմը Թուրքիայում լավ չի ընդունվել

Հայոց ցեղասպանության մասին պատմող գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթին Աքընի «The Cut» ֆիլմը Թուրքիայում մեծ էկրանին կարողացավ մնալ ընդամենը 7 շաբաթ, գրում է CNN Turk-ը:

 

Դեկտեմբերի 5-ին էկրան բարձրացած ֆիլմը մինչև հունվարի 22-ն ընդամենը 20.694 մարդ է դիտել:

 

Օգոստոսի 31-ին առաջին անգամ Վենետիկի կինոփառատոնում ցուցադրված ֆիլմը Թուրքիայում նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 11-17-ին, սակայն ինչ-ինչ պառճառներով ֆիլմի ցուցադրությունը հետաձգվեց, և թուրք հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն ստացավ դեկտեմբերի 5-ից:

 

Ֆիլմը նախ սկսել է ցուցադրվել թուրքական 24 կինոթատրոնում, և առաջին շաբաթն այն դիտել է 5.051 մարդ: Աստիճանաբար թե՛ կինոթատրոնների, թե՛ դիտողների թիվը կրճատվել է:

 

«The Cut»-ը պատմում է Մարդինում օսմանցի զինվորների կողմից ընտանիքներից բաժանված հայ տղամարդկանցից մեկի՝ Նազարեթ Մանուկյանի մասին, որը տեղահանությունից տարիներ անց փորձում է գտնել երկու դուստրերին:

 

Ֆիլմի բյուջեն կազմել է 16 մլն եվրո, սակայն ցուցադրման առաջին օրվանից կինոքննադատների կողմից լավ չի ընդունվել:

 

Star պարբերականում Ալին Թաշչյանը գրում է. «Ֆաթիհ Աքընի՝ մեծ հետաքրքրությամբ սպասվող ֆիլմի հաջողության հիմնական գրավականը դրա հավասարակշռված լինելն է: Քաղաքական տեսանկյունից հավասարակշռությունը թեև նրա օգտին էր, սակայն կինոյի առումով այդ հավասարակշռությունը նրա դեմ աշխատեց:

 

Պրեմիերան Վենետիկի կինոփառատոնում նշած ֆիլմը քաղաքական իրականությունը «տեղն է բերում», սակայն Ֆաթիհ Աքընի ստորագրությունը կրող ֆիլմը մեր ակնկալած էներգիան մեծ էկրան չի տեղափոխում»:

 

Radikal-ի հոդվածագիր Ուղուր Վարդանը գրում է. «Կցանկանայի, որ այդ համարձակության կողքին ավելի հագեցնող ֆիլմ լիներ, բայց երևի հաջորդ անգամ»:

 

T24-ում Աթիլլա Դորսայը գրում է. «Ֆաթիհ Աքընը կարծես Ցեղասպանությունը ոչ թե բուն նյութ, այլ մեկնակետ է դարձնում և հետո գնում է շատ հեռուները: Իհարկե, սա փաստագրական ֆիլմ չէ, սակայն Հայկական հարցը հրեական ցեղասպանության նման հայտնի իրադարձություն չէ»:

Նույն շարքից