Մշակույթ 

Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակի առթիվ հոբելյանական միջոցառումներ կանցկացվեն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և տեղեկացնում, որ փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը, և կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հանձնաժողովի անդամները տարբեր միջոցառումներ կազմակերպելու առաջարկներ են ներկայացրել: Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 12-ին՝ Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հ. Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում:

 

Նախատեսվում է նաև մեծանուն գրողի հիշատակին նվիրված միջոցառման անցկացում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի և արխիվային ֆիլմերի ցուցադրություն և այլն:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարին ամփոփել հնչեցված առաջարկները և միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը ներկայացնել վարչապետին:

Նույն շարքից