Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է գեղանկարիչ Ջիովաննի Վեփխվաձեի յուղաներկ աշխատանքների «Իմ Թիֆլիսը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցադրվում են 30 կտավ՝ Հավլաբարի, Մեյդանի, Շեյթան բազարի, Հանքային բաղնիքների, շքամուտքերի, իտալական բակերի, կինտոների և դուքաններում քեֆ անող թիֆլիսեցիների պատկերներով:
«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը կարեւորել է, որ Ջիովաննի Վեփխվաձեի առաջին անհատական ցուցահանդեսը բացվել է «Հայարտուն» կենտրոնում:
Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ մանրանկարիչ ՄերուժանՇահումյանն էլ Վեփխվաձեին բնութագրել է որպես գեղանկարչության էսսեիստ, իսկ հայտնիարվեստագետ Ալեքսանդր Պիրադովը կարևորեց Ջիովաննիի գեղանկարչության երկու ուղղությունները. հին Թիֆլիսի հետքը վերակենդանացնող աշխատանքները և նատյուրմորտները, որոնք ռեալիզմի անգնահատելի նմուշներ են: Ցուցահանդեսին ներկա Վիրահայոց թեմիառաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, բարձր գնահատելով ցուցահանդեսի անցկացման փաստը, նշել է, որ Օսմանյան Թուրքիայի կողմից իրենց հայրենիքում նահատակված մեկ ու կես միլիոն հայերին և մազապուրծ փրկված փախստականներին առաջինների թվում ապաստանել է վրացի ժողովուրդը: «Այստեղ հաստատված բազում հայերի ու նրանց սերունդների ձեռքերով ու նաև տածած մեծ սիրով է ծաղկել ու բարգավաճել այս գեղեցիկ քաղաքը»,- ասել է Սրբազան հայրը` կոչ անելով ապրիլին ազգովին պահանջատիրոջ իրավունքով հիշել ու խոնարհվել Ցեղասպանության զոհերի հիշատակի առջև: