Ֆրանսահայ լեգենդարերգիչ Շառլ Ազնավուրը լի է նախագծերով, երազանքներով և կրքով: 90-ամյակը բոլորած երգիչը հեռու է թոշակի անցնելուց, գրում է ֆրանսիական La Provence-ը: Լրատվամիջոցը հարցազրույց է անցկացրել անվանի արտիստի հետ, խոսել նրա ծնողների, Հայաստանի և Ֆրանսիայի նկատմամբ սիրո մասին: Ազնավուրը հայկական արմատներով աշխարհի ամենահայտնի արվեստագետներից է: Նա կոմպոզիտոր է, երգիչ, դերասան, բազմաթիվ գործերի հեղինակ:
La Provence-ն ընդգծում է, որ Ազնավուրի մասին ֆիլմեր են նկարահանվում, որոնցից մեկը ապրիլի 25-ին կներկայացվի Մարսելում՝ Ֆրանս-հայկական գրքի փառատոնին:
Լրատվամիջոցի հետ զրույցում Ազնավուրը պատմել է, թե ինչպես են իր ծնողները Հունաստանից հասել Ֆրանսիա: Նա նշել է, որ իր հայրը ունեցել է Ռուսաստանի անձնագիր, որը օգնել է նրան նստել իտալական նավ, և ինչպես այդ տարածքի բոլոր փախստականները, նրանք գնացել են Սալոնիկ: Ազնավուրը հավելել է, որ իր ծնողները սիրել են Ֆրանսիան:
«Իմ հայրը սկզբում ապրուստ էր վաստակում` երգելով ներգաղթյալների համար: Նա երգում էր հայերեն, ռուսերեն, եբրայերեն: Իհարկե, իմ ծնողները չեն ստիպել մեզ հայկական ավանդույթներ պահպանել և չեն էլ փորձել խոչընդոտել»,- նշել է նա: Ազնավուրը պատմել է, որ իր ծնողները «նանսենյան» անձնագրեր են ունեցել, ինչպես նաև խոսել Մանուշյանի հետ ընկերության մասին:
«Ես ավելի լավ իմացա Հայաստանը, երբ այն դժվարություններ ուներ, և ես մի անգամ մտածեցի. «Ես հնարավորություններ ունեմ, ես կարող եմ մի բան անել իմ հայրենիքի համար»: Մարդիկ ինձ ասում էին. «Օ՜, դու վերադարձել ես տուն», և ես պատասխանում էի. «Իմ երկիրը Ֆրանսիան է»,-նշել է երգիչը: