Վենետիկի բիենալեին Թուրքիայի տաղավարը ներկայացնելու է Սարգիս Զաբունյանը: Թուրքական Radikal-ին տված հարցազրույցում նա համոզմունք է հայտնել, որ 2015-ին թուրքական տաղավարի բացումն ու իր հրավիրված լինելը պատմական քայլ է, որը ցանկանում է դրականորեն օգտագործել:
Սարգիսը նշել է, որ իրեն հրավիրելու վերաբերյալ խոսակցություն եղել է դեռևս 2006-ին:
Նա պատահականություն չի համարում այն, որ իրեն հենց այս տարի՝ 100-ամյակին են հրավիրել:
Անդրադառնալով 1915-ին` Սարգիսը նշել է, որ իր ծնողները Ցեղասպանությունը վերապրածներ են եղել: «Հայրս լռում էր այդ հարցի շուրջ. ապրեց այնպես, կարծես լեզու չունի: Իր մոր մասին ոչինչ չխոսեց, անգամ անունը չտալով մահացավ: Մայրս էլ, հայրս էլ 1915-ը, աքսորը վերապրել են: Հայրերին տարել են, ամեն ինչ ավարտվել է: Բայց մայրս խոսում էր»,- ասել է նա: