ԼՂՀ եւ ՀՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Շուշիում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները եւ դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով: ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, թե լսումներին ներկա էին ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:
Ողջունելով լսումների մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումների դերն օրենսդրական խնդիրների լուծման գործում: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ազգային մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման, նրան սպառնացող վտանգների կանխարգելման, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման հարցերի՝ որպես համահայկական նշանակության հիմնախնդիրների, գիտակցումը եւ հավաքական ջանքերի միջոցով այդ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը:
Պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրների եւ կարգավորման ուղղությունների շուրջ ծավալուն զեկույցներ են ներկայացրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարներն անդրադարձել են բնագավառի կառավարմանը, պետության եւ ստեղծագործական միությունների համագործակցությանն ու առկա մարտահրավերներին, մշակութային դիվանագիտությանը եւ մշակույթի գործիչների սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերին:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ ԼՂՀ ԱԺ նույնանուն հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել են մշակութային ոլորտի օրենսդրական հիմնախնդիրների եւ ժամանակի մարտահրավերների՝ համապատասխանաբար ՀՀ եւ ԼՂՀ օրինակները:
Ծավալված հարցուպատասխանի ընթացքում զեկուցողները պատասխանել են ներկաների հարցերին: