Լոս Անջելեսում կայացած «Օսկար» մրցանակաբաշխությունը դիտել է 36,6 մլն մարդ: Նախորդ տարվա համեմատ այդ թիվը նվազել է 16 տոկոսով: Այս մասին հաղորդում է «Վաշինգտոն Փոստը»: Վերջին վեց տարվա ընթացքում սա ամենացածր և վատագույն ցուցանիշն է:
Հետազոտողները նկատել են, որ մրցանակաբաշխության օրը «Ֆեյսբուք»-ում դրա վերաբերյալ հաղորդագրություն կամ մեկնաբանություն է թողել մոտ 21 մլն մարդ:
Հիշեցնենք, որ «Օսկար» կինոմրցանակաբաշխության լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» կինոնկարը: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուին արժանացել է նաև «լավագույն ռեժիսոր» մրցանակի:
Տարվա լավագույն օպերատոր է ճանաչվել Էմանուել Լյուբեցկին՝ «Բըրդմեն» ֆիլմի համար։
Տարվա լավագույն դերասան մրցանակին է արժանացել Էդի Ռեդմեյնը՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։
Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգում «Օսկար» է ստացել Ջուլիանա Մուրը՝ «Դեռևս Էլիս» ֆիլմում խաղացած դերի համար։