Մշակույթ 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ, որում ասվում է.

 

«Սիրելի  կանայք, մայրեր և քույրեր,

 

սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ:

 

Կասկածից վեր է, որ ինչքան էլ երախտիքի ու գովասանքի խոսքեր ասվեն, միևնույն է, ձեր անհատնում բարությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով ու հոգատարությամբ դուք միանշանակ շատ ավելի մեծ գնահատանքի եք արժանի:

 

Հայ ժողովրդի դարավոր պատմությունը լի է հայ կնոջ բացառիկ արիության ու խիզախության օրինակներով և այսօր էլ, սիրելի կանայք, ձեր վարք ու բարքով, բարեխիղճ աշխատանքով, հարազատ տունը, քաղաքն ու երկիրը ավելի լավը դարձնելու ազնիվ մղումներով դուք շարունակում եք օրինակ հանդիսանալ մատաղ սերնդի համար: 

 

Ձեր փխրուն ուսերով կանգուն պահելով հայ օջախի սյունը՝ դուք անտրտունջ, անսպառ համբերատարությամբ իրականացնում եք մեր երեխաներին համամարդկային արժեքներով, նաև հայրենասիրության, ազգային արժեքների ոգով դաստիարակելու դժվարին, բայց և խիստ կարևոր, ազգաշահ առաքելությունը:

Անգնահատելի է նաև ձեր  ակտիվ մասնակցությունը ինչպես հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ մեր սիրելի մայրաքաղաքի կառավարման գործում: 

 

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ:  Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ուզում եմ, որ ապրեք անհոգ և հայ կնոջ առանձնահատուկ իմաստնությամբ շարունակեք ժպիտ, բարություն ու ազնվություն սփռել ձեր շուրջն ու ամենուր»:

Նույն շարքից