Մշակույթ 

Ռիչարդ Կլայդերմանը ժամանել է Հայաստան

Աշխարհահռչակ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը ժամանել է Հայաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից` Կլայդերմանն արդեն մեր երկրում է և հասցրեց իր առաջին տպավորությունները փոխանցել լրագրողներին:

 

«Սա իմ առաջին այցն է Հայաստան: Ուրախ եմ, որ 35  տարվա կարիերայից հետո առաջին անգամ այցելում եմ այս երկիր: Հայաստանն առաջին անգամ տեսնելուց մութ էր, գիշեր,  կարծում եմ` ավելի տպավորված կլինեմ վաղը: Քիչ տեղեկություններ ունեմ Հայաստանի մասին, բայց ուրախ եմ, որ 3 օր կլինեմ այստեղ և առիթ կունենամ ավելի շատ բան իմանալ: Փարիզում մի քանի հայ ընկերներ ունեմ, ովքեր շատ լավ երաժիշտներ են: Ահա թե ինչու եմ ուրախ, որ կկարողանամ բացահայտել ձեր երկիրը»,- նշեց երաժիշտը: Նա ընդգծեց, որ կփորձի հնարավորինս լավ նվագել Երևանում` ներկայացնելով ա ն գործերը, որոնցով հանդես է եկել աշխարհի հայտնի բեմերում:

 

Անվանի դաշնակահարը մեր երկրում հանդես կգա երկու համերգով: Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կներկայացվեն «Ballade Pour Adeline», «Mariage D'Amour», «A comme Amour», «Murmures» և այլ սիրված ու հայտնի  ստեղծագործություններ: Կլայդերմանը հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

 

Դասական, էթնիկ և ֆիլմերի երաժշտության գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար  Ռիչարդ Կլայդերմանը (իսկական անունը Ֆիլիպ Էջեր) ծնվել է 1953-ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին  դասերն ստացել է երաժիշտ  հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում  արդեն  կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանին հայտնի դարձրեց հատկապես Պոլ դե Սեննեվիլի «Ballade Pour Adeline» գործը: Հանաճանաչ արտիստը համարվում է «աշխարհի ամենահաջողակ  դաշնակահարը»:

Նույն շարքից