Մշակույթ 

ՀՀ գերբի վրա կան բազմաթիվ թերություններ. մասնագետներ

analitik.am

Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որն զբաղվելու է Հայաստանի զինանշանի վրա որոշակի շտկումներ անելու հարցերով: Մասնագիտական հանձնաժողովի անդամներ՝ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և  մշակութաբան Գագիկ Մանասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրին Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշանում տեղ գտած թերությունները, և նշեցին, որ առաջիկայում կներկայացվի արդեն շտկված տարբերակը:


 

«Զինանշանում գեղարվեստական թերություններ նկատեցի դեռևս 4 տարի առաջ, այդտեղ ոչ ճիշտ մեկնաբանություններ կան նաև մեր անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ: Հայտնվել են այնպիսի նշաններ, որ հումոր ունեցող մարդիկ և մեր թշնամիներն այն արծարծել են տարբեր կերպ: Դրա համար կարիք առաջացավ զինանշանը որոշակի փոփոխությունների ենթարկելու: Համացանցում հայտնված են Հայաստանի զինանշանի տարբերակներ, որոնք չեն համապատասխանում իրողությունը»,- ասաց Կարեն Աղամյանը:

 

 

Նկարիչների միության նախագահի խոսքով՝ գերբի ստեղծողներն այդքան ծանոթ չեն եղել գերբալոգիայի օրենքներին, և բացի դրանից, հայտնվել են միտումնավոր խեղաթյուրումներ: Ըստ նրա՝ սա խնդիր է, որի դեմ ինչ-որ ձևով պետք է պայքարել:



Մշակութաբան Գագիկ Մանասյանն էլ ասաց, որ գերբը յուրաքանչյուր պետության անձնագիրն է: «Մեր գերբում կան բազմաթիվ սխալներ, թե ինչպե՞ս են առաջացել այդ սխալները, ի՞նչ պայմաններում, չենք կարող ասել, քանի որ դրանք մեր գործառույթներից դուրս են»,- ասաց նա։



Գագիկ Մանասյանը նաև նշեց, որ արդեն երկուսուկես տարի է, ինչ բազմաթիվ մարդկանց շնորհիվ հանրային հնչեղություն ձեռք բերեց այս հարցը, և այժմ ստեղծվել է այդ հանձնաժողովը, որպեսզի ուղղվեն առկա սխալները:



Գագիկ Մանասյանը նաև ասաց, թե գերբում պատկերված առյուծի բերանը փակ է, իսկ դա նշանակում է, որ առյուծը անպաշտպան է, թույլ է՝ խեղճ:



«Երեսունից ավելի գերբեր կան, որտեղ առյուծ է պատկերված, բայց դրանցից որևէ մեկում չեք տեսնի, որ առյուծի բերանը լինի փակ: Առյուծի բերանը բաց լինելը, սկզբի, ծննդի, ինքնապաշտպանության, նախահարձակ լինելու նշան է: Իսկ փակ լինելը՝ մահվան, պարտության»,- ընդգծեց Գագիկ Մանասյանը, շարունակելով. «Գերբի սուրը կոտրված է և գտնվում է շղթաների մեջ: Սրի և շղթայի գաղափարն այն է, որ սուրը պետք է կոտրի շղթան»:



Բանախոսներն ասացին, որ առաջարկում են օրենքում ամբողջությամբ նկարագրել Հայաստանի զինանշանը, որպեսզի հնարավոր լինի խուսափել այն հետագայում կեղծելուց:

 

 

Մասնագիտական խորհրդի անդամները նշեցին նաև, որ փոփոխությունների ենթարկված տարբերակում արդեն նկատված թերությունները չեն լինելու, և առկա խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ  Հայաստանում չկա գերբալոգիայի խորհուրդ:

Նույն շարքից