Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կնքել է փոխմբռնման հուշագիր սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների միջև:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման համար 2015 թվականին պետական բյուջեից կհատկացվի 500 մլն դրամ: Կյանք փրկող այս ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ սոցիալական խմբում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ասել է, որ սրտի անհետաձգելի վիրահատությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի դրույթ է: Դրա իրականացումը նախարարի գնահատմամբ` առաջին հերթին պահանջում է բարձ պատասխանատվություն: Նա ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկող բոլոր կազմակերպական խնդիրները կլուծվեն նախարարության և ծրագրում ընդգրկված բժշկական կենտրոնների մասնագետների անմիջական աջակցությամբ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը նշել է, որ ծրագրի շնորհիվ բնակչության բոլոր խավերը կկարողանան սրտի անհետաձգելի վիրահատության դեպքում օգտվել պետության կողմից ընձեռված հնարավորությունից:
Նա հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է զանգերի կենտրոն (+374 10) 65 47 11 կամ 65 46 91 հեռախոսահամարներով) ` քաղաքացիների և բժշկական կենտրոններին տեղակատվություն տրամադրելու համար:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատությունները իրականացվում են` բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, սոցիալական փաթեթի շահառուններ հանդիսացող` զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին:
Նոր ծրագիրը հնարավորություն կտա ներկայումս սրտի անվճար վիրահատությունների իրավունք չունեցող անձանց վիրահատությունները 2015թ. հունվարի 1-ից իրականացնել անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով: Այդ նպատակով նոր ծրագրով նախատեսված տարեկան 500,0 մլն դրամը մեկ վիրահատության գինը 720,0-750,0 հազ դրամ կիրառելու պայմաներում հնարավորություն կտա տարեկան նախնական հաշվարկների համաձայն վիրահատել 660-690 անձանց: