Առողջապահություն 

Գետնամորու բուժական հատկությունները

 

Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։ Ունի զարգացած կոճղարմատ, որից դուրս են գալիս գետնատարած սողացող բեղիկավոր ընձյուղներ, որոնք արմատակալում են հանգույցներում։ Մերձարմատային վարդակը կազմված է եռաբաժան տերևներից։ Ցողունի բարձրությունը հասնում է մինչև 30 սմ-ի։ Ծաղիկները սպիտակ են, ծաղկաբույլերը` վահանաձև։ Հատապտուղը բաղկացած է բազմաթիվ սերմիկներից։ Պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։ Տարածված է Լոռիի և Գեղարքունիքի մարզերի սոճուտների և կեչուտների բացատներում, մարգագետիններում։ Գետնամորու տերևը հարուստ է C վիտամինով` 250 մգ/100 գ հումքի մեջ։ Տերևը հավաքում են ծաղկման շրջանի վերջում, չորացնելուց առաջ տերևակոթունները պետք է կարճացնել մինչև 1 սմ։ Տերևը փռում են բարակ շերտով թղթի, լաթի վրա և չորացնում օդափոխվող ծածկի տակ։ Չորացրած հումքը պետք է պահել մութ տեղում։ Գետնամորու տերևից պատրաստված 2 գավաթ թեյը լիովին բավարարում է մարդու օրգանիզմի 1-օրյա վիտամին C-ի պահանջարկը. Թուրմ. Մանրացրեք գետնամորու տերևը։ 2 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4-6 անգամ, ուտելուց առաջ։ Խորհուրդ է տրվում բրոնխների ասթմայի, կոլիտի դեպքում։ Թեյ. 1 ճ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 6-8 անգամ։ Խորհուրդ է տրվում լյարդի և երիկամների հիվանդությունների, ռախիտի, թութքի, ստամոքսաբորբի, լնդախտի դեպքում։ 

Տերևներում հայտնաբերվել են նաև դաբաղանյութեր, բույսին բնորոշ գլյուկոզիդ, ալկալոիդներ։ Կոճղարմատում հայտնաբերվում է մինչև 9,5 % դաբաղանյութ։ Պտղի գույնը փոփոխական է` արևոտ կողմում կարմիր է, իսկ ստվերոտ հատվածում` դեղնակարմրավուն։ Պտուղը հավաքում են առավոտյան` անմիջապես ցողը չորանալուց հետո, կամ երեկոյան։ Մեկ օր պահում են արևոտ տեղում, իսկ հետո տեղափոխում են ստվերոտ բացօթյա տարածք կամ չորացնում են ջեռոցում (45-50 C)։ 

Կոճղարմատը հանում են վաղ գարնանը կամ աշնանը, չորացնում են օդափոխվող ծածկի տակ, չորացրած հումքը հեշտությամբ է կոտրվում, այն հոտ չունի։ Կոճղարմատից և խոտից (ցողուն, ընձյուղներ) ստացված պատրաստուկները կիրառվում են լուծի, աթերոսկլերոզի, հոդատապի, երիկամներում քարերի առկայության դեպքում. Խառնեք 50-ական գ թարմ արմատ և խոտ, 4 ժամ թրմեք 50 մլ եռջրում, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Թարմ պտուղներն օգտակար են սակավարյունության դեպքում։ Կարլ Լինեյը բուժել է հոդատապը կանոնավոր կերպով գետնամորի ուտելու շնորհիվ։ Գետնամորու հյութը խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով հիվանդներին. Խմեք 1-ական ճ/գ` օրը 4-6 անգամ։ Հյութն իջեցնում է շաքարի տոկոսն արյան մեջ։ Թարմ պտուղը և հյութն օգտակար են ավիտամինոզի, ճարպերի և միկրո-մակրոտարրերի փոխանակման խանգարումների, միզաքարային և լեղաքարային հիվանդության, հիպերտոնիայի դեպքում։ 

 

 

 

 

 

Նույն շարքից