Վերլուծական 

Երրորդ համաշխարհայինի նախաշեմին. Իրանը ունա՞կ է փոշիացնել Սաուդյան Արաբիային

2016թ.-ը հերքեց նոր տարին մաքուր էջից սկսելու հույսերն ու մատուցեց նոր անակնկալ: Մերձավոր Արեւելքում ծագած միջկրոնական հակամարտությունն ամեն պահ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի:

Սաուդյան Արաբիան ու Իրանը երբեք բարեկամական երկրներ չեն եղել: Դեռ ավելին՝ Թեհրանը Էր-Ռիադի թիվ մեկ թշնամին է, իսկ պատճառները քիչ չեն: Ամենագլխավորը դա սունիների ու շիաների միջեւ դարավոր կրոնական հակամարտությունն է ու նավթը:
Երկու երկրներն էլ պայքարում են մահմեդական աշխարհում գերակայության համար, իսկ Սաուդյան շեյխերը նաեւ մտավախություն ունեն, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման դեպքում, երբ Թեհրանը նավթի վաճառքի օրինական իրավունք կստանա, ապա զգալիորեն կկրճատվի իրենց շահույթը:

Շիա հայտնի քարոզիչ շեյխ Նամր ալ- Նիմրի մահապատիժից անմիջապես հետո շիական աշխարհում հզոր շարժում սկսվեց Սաուդյան Արաբիայի դեմ, որը քարոզչին մեղադրելով ահաբեկչության մեջ, մահապատժի ենթարկեց նրան: Արդյունքում Սաուդյան Արաբիայի արեւելյան շիաբնակ պրովինցիաներում մասսայական հակակառավարական ելույթներ արձանագրվեցին, բողոքի ցույցեր սկսվեցին շիաբնակ գրեթե բոլոր համայնքներում:
Դրան հետեւեցին քաղաքական գնահատականները: Իրաքի վարչապետ Ալ-Մալիկին մահապատիժը որակեց հանցագործություն՝ հայտարարելով, որ դրանով Սաուդյանները կնքեցին իրենց դատավճիռը: Նմանատիպ սուր գնահատականներ հնչեցրին նաեւ Լիբանանի ու Եմենի շիաները:

Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հրկիզումից հետո Էր-Ռիադը, Բահրեյնը, Սուդանն ու ԱՄԷ-ը խզեցին դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:
Իրավիճակի նման զարգացման պայմաններում, հարց է առաջանում. Արդյո՞ք Իրանն ընդունակ է ռազմական հակամարտության սկսել Սաուդյան Արաբիայի հետ:

Պատերազմի հավանականությունն, իհարկե, առկա է, սակայն Իրանը այդքան էլ դրան պատրաստ չէ: Բացի այդ Սաուդյաններին հովհանավորում է Վաշինգտոնն ու մասնակիորեն նաեւ Թել-Ավիվը: Սակայն արդյո՞ք արեւմուտքը կօժանդակի իր մարիոնետին, թե՞ կթողնի բախտի քմահաճույքին: Վաշինգտոնի կրավորականության պարագայում Իրանի ու Սաուդյան Արաբիայի անմիջական բախման արդյունքում, վերջինս ընդհանրապես կվերանա քարտեզի վրայից: Սաուդյան Արաբիան հարուստ երկիր է, իսկ Իրանը՝առավել լուրջ:

Պատերազմի դեպքում Իրանը շատ հեշտությամբ տարածաշրջանում ձեռք կբերի դաշնակիցներ, իսկ Վաշինգտոնի օժանդակությունից զրկված Սաուդյանները չեն կարող հույսները դնել Պարսից ծոցի անմարտունակ էմիրությունների վրա:
Կարելի է հիշել, թե ինչպես Սադամ Հուսեյնի բանակը առանց կրակոցի ժամանակին օկուպացրեց Քուվեյթը:

Ներկայումս Սաուդյան Արաբիան գտնվում է բավականին անմխիթար վիճակում. Նավթի գների անկման ու Եմենի 9-ամսյա պատերազմի պատճառով երկրի բյուջեն դատարկվում է:
Ռազմական փորձագետները դեռեւս վաղուց են կանխատեսումներ կատարել Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջեւ պատերազմի շուրջ: Չնայած Իրանի միջուկային ծրագրի կասեցմանը, Թեհրանը տիրապետում է հեռահար հրթիռների, որոնք ունակ են հողին հավասարեցնել Սաուդյան Արաբիայի նավթաբեր շրջանները: Միաժամանակ Իրանը գերիշխում է նաեւ ծովում, ուստի պատերազմի դեպքում, Սաուդյանների նավատորմը դատապարտված է ամբողջությամբ ջրասույզ լինելուն: Իրանական հրթիռների հարվածներից խուսափելու համար շեյխերը ստիպված կլինեն ռազմական ավիացիան տեղաշարժել երկրի արեւեմտյան շրջաններ, ինչի հետեւանքով այն անարդյունավետ կլինի:

Իրադարձությունները Մերձավոր Արեւելքում զարգանում են կայծակնային արագությամբ, իրավիճակը թեւակոխում է նոր փուլ, երբ հիբրիդային պատերազմը ամեն պահ կարող է վերածվել ակտիվ ռազմական հակամարտության:

Նույն շարքից