Դարչինի ծառը դափնազգիների ընտանիքին պատկանող բույս է, որի կեղևի ներքին շերտը օգտագործվում է` որպես համեմունք։ Առավել հարգի է Շրի Լանկայի` ցեյլոնյան դարչինը։ Կղզու անտառներում աճող ծառերը հասնում են 10 մ բարձրության։ Բույսը սկսել են մշակել 18-րդ դարում։ Ցեյլոնյան դարչինի ծառը մշակվում է նաև Հնդկաստանի հարավում, Բրազիլիայում, Գվինեայում, Սեյշելյան կղզիներում, Մադագասկարում, Ջամայկայում, Մարտինիկայում։ Անհամեմատ էժան է չինական դարչինը, որի հայրենիքը երկրի հարավային շրջաններն են։ Չին կայսր Շեն Նունի հեղինակած դեղաբույսերի մասին գրքում հիշատակվում է դարչինի օգտակարության մասին։ Իր հակաօքսիդանտ հատկություններով դարչինը զգալիորեն գերազանցում է բոլոր այլ` այսօրվա դրությամբ ուսումնասիրված բույսերին։ Ավելացնում է ուժերը և ամրացնում է սիրտը` հատկապես օգտակար է հիվանդությունների հետևանքով հյուծված և տարեց մարդկանց` ընդգրկված է ԱՄՆ-ի և Կանադայի ծերանոցների սննդակարգում։ Գիտնականները պարզել են, որ դարչինը ճնշում է սնկերի աճը (միկոզներ) և սեռական օրգանների, միզապարկի և երիկամների հիվանդություններ առաջացնող ինֆեկցիաները։
Մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում առաջացնում է արգանդի կրճատում, խորհուրդ է տրվում հետծննդաբերական շրջանում։ Ավելացնում է կերակրող մայրերի կաթը։ Նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը. ուտեստները համեմեք օրը 1-3 գրամ դարչինով։ Բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տրամադրությունը, ակտիվացնում է ուղեղը` խորհուրդ է տրվում ինսուլտ տարած հիվանդներին։ Օգտակար է գրիպի, անգինայի, տոնզիլիտի դեպքում։ Հնում հայտնի է եղել` որպես շնչառությունը թարմացնող միջոց։ Բուժել են մկանային սպազմները, բրոնխների ասթման, մաշկային հիվանդությունները։ Դարչինը նպաստում է մարսողությանը, գազերի հեռացմանը, նվազեցնում է որովայնի սպազմները։ Փոշին լցնում են կտրվածքների, վերքերի վրա։