Առողջապահություն 

Երեկ Գյումրու բժշկական կենտրոն է դիմել 24 քաղաքացի.ԱՆ

Նախօրեին, Գյումրիում տեղի ունեցած բողոքի մասսայական ակցիաների հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու ոստիկաններ, մեկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, մյուսը հարվածներ է ստացել բութ գործիքով: Մեկ ոստիկան էլ գլխուղեղի բաց տրավմայով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին analitik.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Փորձեցինք կապ հաստատել Գյումրու բժշկական կենտրոնի հետ:

«Երեկ, Գյումրու բժշկական կենտրոն են դիմել 24 քաղաքացի, որից 14-ը ոստիկաններ են: Այս պահին հիվանդանոցում երկու հիվանդ կա, որոնց վիճակը բավարար է. առայժմ այստեղ կմնան: Այս պահին ունենք երկու հիվանդ, երկուսն էլ ոստիկան . նրանցից մեկը բութ գործիքով ստացած վնասվածք ունի, գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում, մյուսը՝ ուղեղի ցնցումով վերակենդանացման բաժանմունքում է»,- Analitik.am-ի հետ հեռախոսազրույցում հավաստեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

 

Վերջինիս հաղորդմամբ, մի երիտասարդ, որը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում, բաց գանգուղեղային վնասվածքով գտնվում Է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

 

Ինչպես զրուցակիցս փոխանցեց, քաղաքացիների վնասվածքներն, ընդհանուր առմամբ, բարդ չեն եղել. « Թեթև վնասվածքներ են եղել, մի քանիսն ամբուլատոր օգնության կարիք ունեին, իսկ մյուսներին մեկ անգամվա օգնություն ցուցաբերեցինք և տուն ուղարկեցինք: Ինչ մեզանից հասնում էր արվել է »,- նշեց բժիշկը՝ հավելելով, որ դրանք, հիմնականում, քարով խփված վնասվածքներ էին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական և ընդհանուր հարցերի գծով տնօրենի տեղակալ Վարդգես Օրգուսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կենտրոնում այս պահին մեկ հիվանդ կա: Նա բախումներից տուժած քաղաքացին է, ունի գլխի կոտրվածք, վիրահատվել է, իսկ այժմ վիճակը բավարար է: Տուժած քաղաքացին Հրանտ Ավետիսյանն է, 32 տարեկան, և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Հիշեցնենք՝ երեկ Գյումրիում տեղի ունեցավ բողոքի ակցիա: Գյումրեցիները պահանջում էին Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ սպանդ գործած ռուս զինվորականին հանձնել հայ իրավապահներին: ՌԴ հյուպատոսարանի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից շուրջ 24 հոգի վնասվածք ստացավ: Նրանց մեջ էին նաև ոստիկաններ, որոնք ցուցարարների նկատմամբ կիրառում էին հատուկ միջոցներ:

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից