Առողջապահություն 

Չիչխանի օգտակար հատկությունները

 

Չիչխանը  փշատազգիների ընտանիքի տերևաթափ ծառ կամ թուփ է: Հայտնի է 3 տեսակ՝ տարածված գլխավորապես Եվրասիայի բարեխառն գոտում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ դժնիկանման չիչխանը: Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Սևանի ավազանում և այլուր: Աճում է գետերի և առուների հովիտներում, ճահճուտներում, գետափերին և այլ խոնավ վայրերում՝ (մինչև 2100 մ բարձրություններում): 

Ցողունի բարձրությունը մինչև 10 մ է: Ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն: Տերևներրը մանր են, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝ սպիտակ, արծաթավուն: Երկտուն է. արական ծաղիկները խմբված են կարճ հասկերում, իգականները՝ տերևանութներում: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը հյութալի, նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած կորիզապտուղ է: Պտուղները պարունակում են C, E, P, K, B1, B2, B6 վիտամիններ, կարոտին, թթունե, շաքար, սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ և այլն, տերևները՝ աղաղանյութեր, ֆիտոնցիդներ, ֆլավոնիդներ և այլն: 

Պտուղներից ստացվում է չափազանց արժեքավոր յուղ, որն օգտագործվում է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի, ստամոքսի խոցի և այլ հիվանդությունների բուժման համար: Տերևներից պատրաստված թուրմը նույնպես օժտված է բուժիչ հատկություններով: Երիտասարդ ճյուղերից ու տերևներից ստացվում է սև, պտուղներից՝ դեղին ներկ:

Բուժման նպատակով օգտագործում են բույսի պտուղներն ու սերմերը:Պտուղներից ստացված եփուկը օգտակար է ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների դեպքում: Պտուղների ու տերեւների եփուկն օգտագործվում է նաեւ մազաթափության, ճաղատության, ռեւմատիզմի պարագայում: Չիչխանի յուղը լավ արդյունք է տալիս մաշկի թարախային բորբոքումների, էկզեմայի, խոցային գայլախտի բուժման դեպքում: Յուղը օգտագորժում են նշագեղձերը հեռացնելուց անմիջապես հետո: Այն լայնորեն օգտագործվում է գինեկոլոգիական պրակտիկայում, կատարախտի, շաքարային դիաբետի, աչքի որոշ հիվանդությունների պարագայում: Յուղն, որ վաճառվում է դեղատներում ընդունում են 1-ական թեյի գդալ, օրական 2-3 անգամ:

 

 

 

 

 

 

Նույն շարքից