Առողջապահություն 

Գյումրեցի փոքրիկին ապարատից անջատելը կլինի ճակատագրական

«Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Հայաստանի և Ռուսաստանից հրավիրված առաջատար բուժանձնակազմի առաջին խնդիրը Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերժոյա Ավետիսյանի բուժօգնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելն է:

Այս մասին հայտարարեց «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն  Նիկոլայ Դալլաքյանը բուժհաստատությունում լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծեց, որ նույնիսկ Գյումրիից Երևան երեխայի տեղափոխումը եղել է պրոբլեմատիկ, և հենց այս պահին էլ երեխան տեղափոխման ենթակա չէ:

«Նույնիսկ նրան ապարատից անջատելը կլինի ճակատագրական: Նման պատասխան տրվել է տեղափոխման տարբեր առաջարկներին»,-ասաց Դալլաքյանը:

Մասնագետներն անհրաժեշտ են համարում սիրտանոթային համակարգի աշխատանքի կայունացումը, թոքային անբավարարության վերացումը, երիկամների բնականոն աշխատանքի վերականգնումը:

«Երեխան լրջագույնս խնդիրներ ունի բոլոր օրգան-համակարգերի հետ: Յոթ օր է ունեցել ենք լրջագույն, կյանքին սպառնացող տարբեր բարդություններով հղի իրավիճակ»,-ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:

Նա նաև նկատեց, որ դժբախության պահին հայերը համախմբվում են, և կրծքով կերակրող մայրերի բազմաթիվ առաջարկները դրա վկայությունն են: Ամեն դեպքում, երեխան կրծքի կաթի խնդիր չունի:

Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը նկատեց, որ բուժհաստատությունում են հավաքվել լավագույն բժիշկները, երեխայի համար արվում է ամեն ինչ, ոչ մի կլինիկայում ավելին չէին կարողանա անել: Աշխարհի առաջատար բժիշկների հետ խորհրդակցել են:

«Այդ տարիքի երեխան այդ ծանր վիճակում ողջ է, դա արդեն հրաշք է: Մինչև հիմա ստացվում է խնդիրները լուծել: Չկա ռեսուրս, որ չի օգտագործվել: Շատ լուրջ խնդիր է բժշկության մեջ՝ վեց ամսական երեխայի մոտ առկա են շատ դժվար որոշվելիք խնդիրներ: Երկար ժամանակ երեխան եղել է անեմիայի մեջ, սառած վիճակում: Աշխարհի ցանկացած կլինիկայի համար շատ բարդ խնդիր է: Ամեն դեպքում, արվում է հնարավորը. բերվել են դեղեր, որոնք շատ տարածված չեն և կան ընդամենը մի քանի օրինակից»,-ընդգծեց մասնագետը:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակն այսօր վատացել է: Խորացել է երիկամային և սրտանոթային անբավարարությունը: 

Հունվարի 18-ին Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի առաջարկով Հայաստան են ժամանել առաջատար մասնագետները` Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին, Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը և նույն հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ելենա Իլյինան:

Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում բժշկական ինքնաթիռ տրամադրել` երեխային Մոսկվա տեղափոխելու համար:  

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության և փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գլխավոր կասկածյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:  

Նույն շարքից