Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների կոալիցիայի ինքնաթիռները չորեքշաբթի առավոտյան Եմենի մայրաքաղաք Սանայի բնակելի շրջանների վրա կասետային ռումբեր են նետել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցին:
«Կոալիցիայի ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ երեկ առավոտյան (չորեքշաբթի) կասետային ռումբեր են նետել Եմենի մայրաքաղաք Սանայի բնակելի շրջանների վրա: Ներկայումս պարզ չէ՝ արդյոք հարձակումների հետևանքով տուժածներ կան խաղաղ բնակչության շրջանում, սակայն բնակելի շրջաններում կասետային զինամթերքի կանխամտածված և անխոհեմ կիրառումը հավասարվում է ռազմական հանցագործության»,- ասվում է կազմակերպության զեկույցում: