Առողջապահություն 

Կատվախոտի բուժական նշանակությունը

Բույսի անվանման վերաբերյալ կա մի քանի վարկած։ Ոմանք կարծում են, որ բույսի անվանումը համահունչ է Հռոմի կայսր Վալերիանի (Ք.հ. 3-րդ դար) անվան հետ։ Ավելի հիմնավոր է այն կարծիքը, որ անվանումն առաջացել է լատիներեն` առողջ լինել` «valeo» բառից։ Հնարավոր է նաև, որ բույսի կնքահայրը հայտնի հռոմեացի բժիշկ Պլինիուս Վալերիանն է։ Կատվախոտ անվանումը, նույնն է` կատվարմատ, կատվի դեղ, կատվակնծկունծ հայերեն անվանումները, կապված են բույսի սև, եզրերում վարդագույն ծաղիկների հաճելի հոտի հետ, որից գրգռվում են կատուները: Բույսն ազդում է կենդանու ուղեղի վրա։ Կատվախոտ անվանումը, անշուշտ, ունի խորը գնացող արմատներ, քանի որ պահպանվել են պատմական հիշատակումներ այն մասին, որ ի տարբերություն ժամանակակից բժիշկների` Դիոսկորիդիսը և Պլինիուս-ավագը կարևորել են վալերիանայի գրգռիչ ազդեցությունը և կարծել են, որ բույսից ստացված պատրաստուկներն ի զորու են ուղղորդել մարդու միտքը։ Միջնադարում համարվել է, որ կատվախոտն ունի մոգական հատկություններ։ Բույսի խոտը լցրել են պարկիկների մեջ, կրել այն, որպեսզի գրավեն սիրելիի ուշադրությունը։ 

Արմատները պարունակում են եթերային յուղ, որի մեջ կան իզովալերիանաթթու, բորնեոլ, մերթենոլ, իզովալերիանային եթեր, մրջնաթթու, քացախաթթու, ինչպես նաև վալերին և խատինին ալկալոիդներ, նաև բորնիլ-ացետատ, բորնիլ-վալերիանատ, սեսկվի-տերպեններ, խեժեր, գլյուկոզիդներ, տանին, շաքարներ։ Կան կատվախոտի տեսակներ, որոնց ծաղիկները բաց վարդագույն են։ Բուժական նպատակներով օգտագործելու համար օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հավաքում են 2 և ավելի տարեկան բույսերի արատները։ Հումքը պետք է թափահարել, որպեսզի ազատվի հողից, լվանալ հոսող ջրի տակ, դիզել փոքր` մինչև 15 սմ բարձրության թմբիկներ, իսկ 3 օրից փռել բարակ շերտով` փակ օդափոխվող ծածկի տակ։ Որքան դանդաղ է կատարվում չորացումը, այնքան լավ են պահպանվում բույսի օգտակար նյութերը։ 

 

Բույսի եթերային յուղը հանգստացնում է ջղակծկումները, խթանում և երկարաձգում է քնաբեր դեղամիջոցների ազդեցությունը, բարձրացնում է ուղեղի կեղևում կատարվող գործընթացի արագությունը, լավացնում է պսակաձև երակում արյան շրջանառությունը, ուժեղացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը և լեղու արտադրությունը։ Կիրառվում է որպես հանգստացնող միջոց` նյարդային համակարգի քրոնիկ հիվանդությունների, ընկնավորության, միգրենի, սրտի նևրոզի, հիպերտոնիայի առաջին փուլի, տախիկարդիայի, ստամոքսի նևրոզի, կերակրափողի սպազմի, բազեդովյան հիվանդության դեպքում։ Երբեմն կարող է օգտագործվել մարդկանց հիպնոսի ենթարկելու համար։ Կատվախոտն ընդգրկված է կորվալոլի, վալոկորդինի, կարդիովալենի, զելենինի կաթիլների, կամֆորա-վալերիանի կաթիլների բաղադրության մեջ։ 

Նույն շարքից