Շաղգամը մեծ նշանակություն է ունեցել մարդկանց սննդի մեջ` մինչև կարտոֆիլի տարածվելը։ Շաղգամով սնվում էին ոչ միայն գյուղացիները, պանդուխտները, ռազմիկները, այլ նաև այն մատուցվում էր թագավորական սեղաններին։ Շաղգամն ուտում էին խորոված, եփած, շոգեխաշած վիճակում, որպես լցոն կարկանդակների մեջ, դրանցից պատրաստում էին տարբեր կերակրատեսակներ, ոգելից խմիչք, կվաս։ Մատղաշ տերևները թթու էին դնում. ձմռանը դրանցից պատրաստում էին շաղգամապուր և այլ ջրալի կերակրատեսակներ։ Շաղգամը խաչածաղկավորների ընտանիքի վաղահաս, խոնավասեր, բավականաչափ ցրտադիմացկուն բույս է, որի ցանքից մինչև հասունացումն ընկած ժամանակամիջոցը տևում է 60-75 օր։ Որակյալ շաղգամ է ստացվում թեթև, լավ մշակված բերրի հողերում։ Հնագույն ժամանակներից սկսած մարդիկ գիտեին, որ շաղգամը օգտակար է առողջությանը։ Ա. Ամասիացին գրել է. «Շաղգամպը (շաղգամ) լինում է բանջարանոցային և վայրի։ Ավելի օգտակար է բանջարանոցայինը։ Քացախի հետ միասին օգտագործելու դեպքում վերացնում է սոխի և սխտորի հոտը։ Պարբերաբար այն օգտագործողի տեսողությունը կսրվի։ Դրա սերմերը վերացնում են պեպենները։ Դրանից պատրաստված ջերմախյուսը կօգնի պլևրիտի դեպքում։ Եթե խորովեն և ուտեն` կօգնի կրծքի հիվանդությունների դեպքում։ Առատացնում է մայրական կաթը։ Շաղգամը միզամուղ է։ Եթե քացախի հետ ուտեն, ախորժակը կբացի։ Շաղգամի գինին տաքացնում է երիկամները և ավելացնում է սեռական կարողությունը»։
Թարմ շաղգամի հյութով, որը խառնում են մեղրի կամ եփած շաքարի հետ` բուժում են լնդախտը։ Շաղգամի հյութը կամ եփուկը խմում են մրսածության պատճառով առաջացած հազը և խռպոտությունը վերացնելու համար։ Բուժական սննդի մեջ բժիշկները հում շաղգամը նշանակում են փորկապության դեպքում։