Առողջապահություն 

Հեպատիտ C-ով վարակված հիվանդների բուժումը կիրականացվի բարձր մակարդակով. առողջապահության նախարար

Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են, և նրանց բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բոլոր հիվանդներն ունեն բժշկական ապահովագրություն:

«Ինչ վերաբերում է այն հիվանդներին, որոնք կարող են լինել, բոլոր դեպքերը պետք է ուսումնասիրվեն և ոչ միայն այդ հիվանդանոցում, այլ առհասարակ ամբողջ առողջապահական ցանցում»,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով են վարակվել շուրջ 8 մարդ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ խնդրի հետ կապված բոլոր աշխատանքները համակարգվում են նախարարությունում, հարցի վերաբերյալ եղել է երկու խորհրդակցություն, կազմվել է աշխատանքային խումբ՝ փոխնախարարի ղեկավարությամբ, որը մեկնել և տեղում կազմակերպել է աշխատանքները:

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տեղյակ եք, որ ես պրակտիկորեն զբաղվել եմ մեկ հարցով: Այս հարցն այսօր օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է, ինչը հաշվի առնելով տեղեկացնեմ, որ հոկտեմբերի 31-ին նախարարի հրաման է արձակվել ներհիվանդանոցային վարակների կանխման վերաբերյալ, այդ հրամանի ժամկետները երկարացվել են, և մշտադիտարկումներ են անցկացվում ամբողջ առողջապահական ցանցում: 20 օրվա ընթացքում պետք է խոշոր հիվանդանոցների վերաբերյալ հարցը քննարկվի, իսկ երկու ամսվա ընթացքում՝ ամբողջ ցանցի վերաբերյալ»,-ասաց նախարարը:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ բոլոր խախտումները գրանցվելու են և տրամադրվելու են համապատասխան իրավապահ մարմիններին:

«Պատժի չափը կորոշվի համապատասխան քրեական գործն ավարտելուց հետո, դատարանը կկայացնի իր որոշումը: Ամենաթողությունը, անփութությունը, մեղքը նախ պետք է ապացուցվի, իսկ քրեական գործն այդ բոլոր հարցերը վեր կհանի և պատասխանները կներկայացնի»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե Քաջարանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը կարծես անհետացել է, արդյո՞ք նախարարը փորձել կապվել նրա հետ և ինչպե՞ս է գնահատում այս երևույթը, պատասխանեց. «Ես իրավական դաշտում չեմ կարող գնահատականներ տալ, բայց յուրաքանչյուր բժիշկ իր կատարած և չկատարած աշխատանքի համար պետք է միանշանակ պատասխանատվության ենթարկվի: Յուրաքանչյուր տեսակի ինֆեկցիա կարող է լինել ճակատագրական: Հեպատիտ C-ն բուժվող հիվանդություններից մեկն է, և ճակատագրական դառնում է այն պահից, երբ դրանով չեն զբաղվում: Միանշանակ ասում եմ՝ կոնկրետ դեպքի հետ կապված՝ ներհիվանդանոցային վարակները ուշադրության տակ գտնվող խնդիր է, իսկ կոնկրետ դեպքը՝ նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է»:

Նույն շարքից