Սերկևիլենին անհիշելի ժամանակներից տարածված է եղել պատմական Հայաստանում` Փայտակարանի անտառներում. հանդիպում է ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում, Կապանի անտառներում, Մեղրիում` ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրությունների վրա։
Սերկևիլենին հնագույն ժամանակներից օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ` բուժիչ հատկություններ ունեն տերևը, պտուղը, պտղահյութը, սերմը։ Սերկևիլենու տերևների դասավորությունը հերթադիր է, դրանք ամբողջաեզր են, ձվաձև կամ կլոր։ Տերևի երևացող կողմը կանաչ գույնի է, հակառակ կողմը` մոխրագույն խավոտ։ Երիտասարդ ճյուղերը նույնպես խավապատ են։ Տերևը մթերում են ծաղկման շրջանից հետո` հունիս-հուլիս ամիսներին, չորացնում օդափոխվող ծածկի կամ ջեռոցում` 40-50 C ջերմաստիճանի տակ։ Նույն պայմաններում են չորացնում նաև պտղի սերմերը, չորացրած հումքը պատված է սպիտակ թաղանթով և անհոտ է։ Չորացրած տերևի և սերմի պահպանման ժամկետը 1 տարի է։ Տերևը պարունակում է ասկորբինաթթու, բուսախեժ, լորձ, բույսին բնորոշ ալկալոիդներ, գլիկոզիդներ, դաբաղանյութ։ Տերևից ստացված պատրաստուկներն օգտակար են հիպերտոնիայի, բրոնխների ասթմայի, ստամոքսաբորբի, բարձր ներգանգային ճնշման, ստենոկարդիայի, առիթմիայի, շաքարային դիաբետի համալիր բուժման ընթացքում։ Սերմը պարունակում է մինչև 22,8 տոկոս լորձ, 10 տոկոս տանիդներ, 8 տոկոս ճարպեր, նաև օսլա, սպիտակուցային նյութեր, պեկտին, ներկանյութ, ֆերմենտ` էմուլսին, հանքային միացություններ, 0,53 տոկոս ցիանոգեն գլիկոզիդ ամիգդալին, որը թունավոր նյութ է։ Բուժիչ պատրաստուկները ստանում են միայն ամբողջական սերմերից` եթե պատրաստուկն ունի արտահայտված դառը նշի համ, ուրեմն դրա մեջ ներթափանցել է ամիգդալին։ Ամբողջական սերմի ջրային թուրմը (եփուկը) ունի լուծողական, պարուրող, հակաբորբոքային, փափկեցնող, խորխաբեր հատկություն։ Կիրառում են աղեստամոքսային համակարգի և վերին շնչառական ուղիների հիվանդությունների, այրվածքի, մաշկի ճաքերի, կոնյուկտիվիտի, սնկային հիվանդությունների դեպքում։ Պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հավաքելուց հետո պահում են հով տեղում, այդ ընթացքում բարձրանում է շաքարների և օրգանական թթուների պարունակությունը, թափվում է պտուղների վրայի խավը, դրանք դառնում են ավելի համեղ։ Չոր կամ թարմ պտուղը կիրառվում է աղեստամոքսային համակարգի քրոնիկ խանգարումների, միզապարկի բորբոքման, նյութերի փոխանակության խանգարման դեպքում։
Սերկևիլի հյութը լայնորեն կիրառվել է Ճապոնիայում` բնակչության առողջության վերականգնման ծրագրերում։ Ճապոնացի գիտնականներն ապացուցել են, որ հյութը կապում և հեռացնում է ռադիոակտիվ տարրերը մարդու օրգանիզմից։ Սերկևիլի պտուղը և հյութը կիրառվել են նաև Չեռնոբիլի աղետից հետո։ Ճապոնիայում սերկևիլենին լայնորեն օգտագործվում է բնակավայրերի կանաչապատման համար, քանի որ մաքրում է աղտոտված օդը։