Առողջապահություն 

Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածության պատճառների մասին կհայտարարվի հետազոտությունների ամփոփումից հետո. ԱՆ

analitik.am

«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվող նախնական հետազոտություններն ամփոփելուց հետո Առողջապահության նախարարությունը կհայտարարի հեպատիտ C-ով վարակվածության պատճառների մասին: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար ՎահանՊողոսյանը: Նրա խոսքովˋ ԱՆ առողջապահական պետական տեսչության կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարվում են բազմակողմանի ուսումնասիրություններ:


«Ուսումնասիրություններ են իրականացվում ութ հիվանդի վարակի առաջացման պատճառները պարզելու համար: Առանձին հետազոտություններ պետք է իրականացվեն 2014 թվականին բժշկական կենտրոնում վիրահատված բոլոր հիվանդների, արյան հետ շփում ունեցող ողջ բուժանձնակազմի շրջանում: Սյունիքի մարզպետարանի վարչությանը հանձնարարվել է մարզի մյուս բուժհիմնարկներում վերահսկել և վեր հանել վեց ամիսը մեկ արյան հետ շփվող բուժանձնակազմի հետազոտման խնդիրը»,- հայտնեց նախարարի տեղակալըˋ հավելելով, որ լաբորատոր անալիզների պատասխանները հայտնի կլինեն մոտ օրերս:



Պողոսյանը նաև հայտնեց, որ ԱՆ հանձնաժողովը երեկ  իր հետ բերել է և' հիվանդների, և' բուժանձնակազմի արյան նմուշներˋ կենտրոնացված հետազոտություններ իրականացնելու համար:  ԲԿ-ի վիրահատարանը առժամանակ փակվել է վարչական կոմիտեի կողմից: Հանձնաժողովի և վարչական վարույթի շրջանակներում իրականացվող գործառույթներն ավարտելուց հետո հրատապ միջոցառումներից է լինելու հիվանդանոցի սանիտարահիգիենիկ ռեժիմի վերականգնումը: «Պետք է համոզվել, որ որևէ խնդիր չկա և բացել վիրահատարանը, որպեսզի բուժկենտրոննն անցնի իր լիարժեք գործառույթներին»,- ասաց Պետրոսյանը:

 

Քաջարանի բժշկական կենտրոնում վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադիր Սյունիքի մարզպետարան: Փաստի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները փակվել են։ 

 


«Քաջարանի բժշկական կենտրոնում» լաբորատոր հետազոտությունների արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել էին շեղումներ: 

Նույն շարքից