Առողջապահություն 

Նեխուրի բուժական հատկությունները

Նեխուրը հովանոցավորազգիների ընտանիքին պատկանող երկամյա բույս է։ Առավել հայտնի է նեխուր բուրավետը (Apium graveolens)։ Առաջին տարվա ընթացքում զարգանում է խոշոր` մինչև 30-50 սմ երկարությամբ տերևներ ունեցող մերձարմատային վարդակը։ Երկրորդ տարում գոյանում է ուղղաձիգ, սնամեջ, ճյուղավորվող` մինչև 1 մ բարձրությամբ ցողունը։ Ծաղիկները մանր են, սպիտակ, հավաքված վահանաձև մեծ ծաղկաբույլերի մեջ։ Պտուղները մուգ շագանակագույն են, գնդաձև, պարունակում են երկու սերմ։ Ծաղկում է հուլիսին, պտուղը հասունանում է օգոստոսին։ Հայրենիքը Միջերկրական ծովի ափամերձ շրջաններն են, որտեղ հանդիպում է մինչև մեր օրերը` բնական պայմաններում։ Նեխուրի բարձր սննդային արժեքի և բուժիչ հատկությունների մասին իմացել են հնագույն ժամանակներից. «Նյարդային հիվանդություններ ունեցող մարդկանց համար նեխուրը պետք է ծառայի ոչ միայն որպես կերակուր, այլ նաև որպես դեղամիջոց»,- գրել է Հիպոկրատը։ Ավելի քան երկու հազարամյակ անց դեղաբույսերի հայտնի գիտակ պրոֆեսոր Ա. Դ. Տուրովան գրել է. «Նեխուրը խորհուրդ է տրվում օգտագործել բժշկի նշանակմամբ` ախորժակը լավացնելու և մարսողական գեղձերի ֆունկցիան ուժեղացնելու համար, սերմերից և արմատապտղից պատրաստված թուրմի ձևով»։ 

Բուժիչ հատկություններ ունեն բույսի բոլոր մասերը` թարմ և չորացրած վիճակում։ Բույսը լայն կիրառում ունի ժողովրդական բժշկության մեջ։ Այուրվեդայում=գիտություն երկարակեցության մասին, համարվել է, որ նեխուրը նպաստում է մտավոր զարգացմանը։ Չինական բժշկությունն օգտագործել է նեխուրը` որպես հիպոտենզիվ միջոց։ Ժամանակակից հետազոտությունները ոչ միայն հաստատել են դարերի պատմություն ունեցող դեղատոմսերի ճշմարտությունը, այլ նաև հայտնաբերել բույսի նոր բուժիչ հատկություններ։ Նեխուրն ընդգրկված է մի շարք երկրների դեղաբանական ցանկերում։ Նեխուրի թուրմն ունի դրական ազդեցության մեծ ոլորտ` օգտակար է աթերոսկլերոզի, անքնության, նյարդային համակարգի հյուծվածության և նևրոզի, ճարպակալման դեպքում, նպաստում է երիկամների աշխատանքի ակտիվացմանը, արյունաստեղծմանը, ունի ցավամոքիչ, հակաբորբոքային, հակաալերգիկ հատկություններ։ 

 

Նույն շարքից