Առողջապահություն 

Ծաղկակաղամբի բուժական հատկությունները

 

Սպիտակագլուխ կաղամբը մշակվել է Հին Հռոմում, այժմյան Իտալիայի սահմաններում են մշակվել նաև կաղամբի սավոյան և բրոկկոլի տեսակները։ Ծաղկակաղամբը բուծվել է անմիջականորեն տերևակաղամբից և մինչև մեր օրերը մեծ քանակություններով մշակվում է Սիրիայում։ Բրոկկոլին սովորական ծաղկակաղամբի տարատեսակն է։ Եթե սպիտակ, կարմիր և բրյուսելյան (ստեղծվել է անմիջականորեն տերևակաղամբից) տեսակների` սննդի մեջ օգտագործվող օրգանը «գլուխն» է, ապա ծաղկակաղամբինը փոփոխված սերմնարան ունեցող ծաղկաբույլերի փունջն է։ Սիրիական կաղամբի կենսաբանական հատկությունները և մշակման առանձնահատկություններն առաջին անգամ նկարագրել է արաբ կենսաբան Իբն-Էլ-Բեյթարը` 12-րդ դարում։ 

Պատմական Հայաստանում կաղամբը հայտնի է եղել հնագույն ժամանակներից։ Հայտնի է, որ Բյուզանդիայի հայազգի կայսր Մորիկը խճճվելով արքունական ինտրիգների սարդոստայնում` սուրհանդակներ է ուղարկում իր հողագործ հոր մոտ` խորհուրդ ստանալու ակնկալիքով։ «Ի՞նչ ասաց հայրս»,- հարցրեց նա հետ վերադարձած մարդկանց։ «Նա աշխատում էր իր բանջարանոցում, մենք փոխանցեցինք ձեր ցանկությունը, սակայն նա ոչինչ չպատասխանեց` այլ կտրեց հասունացած մեծ կաղամբները (լատիներեն` caputum=գլուխ) և սկսեց խնամել նոր հասունացողները»։ Մորիկը նույն օրը գլխատեց հին պաշտոնյաներին և նշանակեց նորերին։ Մեր ժամանակներում ծաղկակաղամբը մշակվում է ողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում, զգալի չափով դուրս մղելով սպիտակագլուխ կաղամբը։ Ծաղկակաղամբի նկատմամբ բարձր պահանջարկը պայմանավորված է ոչ միայն համային որակներով, այլ նաև բարձր սննդային արժեքով։ Պարունակում է օրգանիզմում չսինթեզվող ամինաթթու` մետիոնին։ Սպիտակուցների, C վիտամինի քանակությամբ մոտ 2 անգամ գերազանցում է սպիտակագլուխ կաղամբին։ 

Ծաղկակաղամբի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է շագանակագեղձի ադենոմայի զարգացումը` քառասուն տարին լրացած տղամարդկանց մոտ։ Ինդոլի պարունակության շնորհիվ (շատ է նաև բրոկկոլիում), ծաղկակաղամբը կանխարգելում է կրծքագեղձի ուռուցքի զարգացումը։ Ինդոլը բարձրացնում է օրգանիզմում առկա այն հատուկ սպիտակուցի և ֆերմենտների ակտիվությունը, որոնք ոչնչացնում են կրծքագեղձի, ձվարանի և հաստ աղիի քաղցկեղածին բջիջները։ Ծաղկակաղամբը պարունակում է յուրահատուկ նյութեր` «իզոտիոցիանտներ», որոնք ի զորու են պաշտպանել թոքերը` մթնոլորտն աղտոտող և ծխախոտի ծխի մեջ պարունակվող բազմաթիվ քաղցկեղածին նյութերի ազդեցությունից։ Մեծածավալ հետազոտությունների շնորհիվ պարզվել է, որ կաղամբի կանոնավոր օգտագործումը 35-70 տոկոսով նվազեցնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ ԱՄՆ-ի և Կանադայի ուռուցքաբանները խորհուրդ են տալիս շաբաթական 2-3 անգամ ուտել ծաղկային, բրյուսելյան կամ բրոկկոլի կաղամբից պատրաստված ուտեստներ։ Մասնագետները կարծում են, որ եթե հղիության և երեխային կրծքով կերակրելու շրջանում մայրը կանոնավոր կաղամբ օգտագործի, ապա երեխան ձեռք կբերի որոշակի նախապաշտպանություն քաղցկեղածին հիվանդությունների հանդեպ` ոչ միայն մանուկ, այլ նաև հասուն տարիքում։ Ծաղկակաղամբն անփոխարինելի մթերք է շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ կարգավորում է շաքարի պարունակությունն արյան մեջ։ 

Նույն շարքից