Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության կարիքների համար» դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» հարցը:
Սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության 2015-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60 մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են անմիջապես դեղարտադրողից՝ ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:
ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից գրություններ են ուղարկվել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին (ԱԿ/22.2/10087-14) և հոկտեմբերի 3-ին (ԱԿ/22.2/10339-14) թվով 53 դեղարտադրող կազմակերպությունների (հիմք` ՀՀ պետական գրանցամատյանում ընդգրկված դեղեր արտադրող տեղական և արտասահմանյան կազմակերպությունները), ներկայացնելով պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող 36 անվանում դեղերի ցանկը` անմիջապես դեղարտադրողի հետ հնգամյա պայմանագիր կնքելու նպատակով:
Սահմանված ժամկետում պատասխաններ են ստացվել թվով 9 դեղարտադրող` «Մեդոֆարմ», «Լե Լաբողատուաղ Սեղվիե», «Լիլի», «Բաքստեր», «Հոֆֆման Լա Ռոշ», «GSLԲեհրինգ», «Պերդաման», «Պոլֆա Տարխոմին» և «Գրինդեքս» կազմակերպություններից, որոնցից գնային առաջարկներ են ներկայացրել 5-ը, որոնցից միայն «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպությունն է գնային առաջարկ ներկայացրել «Գլիկլազիդ 60 մգ» դեղի համար` 0.06833 Եվրո /կամ 42,33 ՀՀ դրամ/ 1 դեղահատի համար:
Այնուհետև, դեղորայքի ձեռքբերման նպատակով կրկին գնման ընթացակարգ է կազմակերպվել, որի արդյունքում «Գլիկլազիդ 60 մգ» դեղի համար գնային առաջարկներ են ներկայացրել միայն երեք կազմակերպություններ` համապատասխանաբար «Ռիխտեր Լամբրոն» ՍՊԸ` 71,0, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ` 76,5 և «Արմֆարմ» ՍՊԸ` 44,7 ՀՀ դրամի չափով: Նվազագույն գին առաջարկած «Արմֆարմ» ՍՊԸ-ի գնային առաջարկը բարձր է եղել «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության գնային առաջարկից: «Արմֆարմ» ՍՊԸ-ի կողմից առաջարկվում էր հնդկական արտադրության, իսկ «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության կողմից՝ ֆրանսիական արտադրության դեղ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակել է բանակցությունները «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության հետ: Արդյունքում 2015 թվականի հունվարի 19-ին վերջինս ներկայացրել է հինգ տարվա համար նոր իջեցված գնային առաջարկ` 1,8 եվրո մեկ տուփի համար կամ 0,06 եվրո մեկ հաբի համար` առանց ԱԱՀ, ինչպես նաև՝ կազմակերպությունն առաջարկել է յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10%-ը ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրել անվճար` մարդասիրական օգնության հիմունքներով: