Թզի պտուղը պարունակում է նաև ենթավիտամին A, ասկորբինաթթու, B1, B2, D վիտամիններ, ֆլավոններ, ճարպ, մոտ 1% օրգանական թթուներ (կիտրոնի, խնձորի, բորի, թրթնջուկի)։ Տերևները պարունակում են կումարին։ Հայաստանում թուզը դեռևս հնագույն ժամանակներից օգտագործվել է բուժական նպատակներով: Օրինակ` հազի դեպքում օգտագործվել է տերևների եփուկը` ջրի, կամ պտուղներինը` կաթի մեջ։ Վրաստանում թզենու և եղինջի տերևների խառնուրդի եփուկով բուժել են դիզենտերիան։ Թուզը խորհուրդ է տրվում ընդգրկել անեմիայով հիվանդների սննդակարգի մեջ, այն պարունակում է ավելի շատ երկաթ, քան խնձորը, օգնում է նոր մայրացած կանանց վերականգնել ուժերը, օգտակար է նաև հղիության շրջանում։ Թզից պատրաստված օշարակը լավացնում է ախորժակը և մարսողությունը, խորհուրդ է տրվում հատկապես երեխաներին։
Թզենու պտուղը, կալիումի զգալի պարունակության շնորհիվ, իջեցնում է արյունատար անոթների լարվածությունը (լայնացնում և թուլացնում դրանք)։ Թուզն օգտակար է հիպերտոնիայի և վարիկոզի դեպքում։ Պտղամսում պարունակվող ֆերմենտը (ցինին) իջեցնում է արյան մակարդելիությունը և նպաստում թրոմբների ներծծմանը։ Թուզն օգտակար է տախիկարդիայի, լյարդի, փայծաղի, բրոնխների ասթմայի, հազի, կրծքավանդակի շրջանում լանջաթաղանթի կոշտացման դեպքում, նպաստում է մկանային ուժի ավելացմանը։ Թզի կաթնային հյութը հեռացնում է երիկամների ավազը, կանխում արյունահոսությունը, նվազեցնում է կերակրող մայրերի կաթը, նպաստում դժվար ապաքինվող թարախային վերքերի բուժմանը, կորյակների հեռացմանը։ Թուզը բարձրացնում է մտավոր կարողությունը, անփոխարինելի ուտեստ է ստեղծագործ մարդկանց համար։
Թուզը հակացուցված է հոդատապի, շաքարային դիաբետի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների սրացման շրջանում։ Մարսողության խանգարում. 20-30 գ թզի չիրը 8-10 ժամ թրմեք ջրում։ Կերեք առավոտյան սնվելուց առաջ։ Միզաքարային հիվանդություն. 150 գ մանրացրած չիրը 10 րոպե եփեք 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց առաջ։ Խորհրդակցեք բժշկի հետ։ Երկարատև դեղորայքային բուժում. Օրվա ընթացքում կերեք մինչև 100 գ թզի չիր և 50 գ նուշ։