Առողջապահություն 

Հովտաշուշանը՝ նյարդային համակարգն ու սրտի աշխատանքը կարգավորող միջոց

Բույսի բոլոր մասերը, նույնիսկ ծաղկամանի ջուրը, թունավոր են, սակայն հատկապես այդ թույների շնորհիվ է, որ բույսն օգտագործվում է բժշկության մեջ։ Կարևոր է իմանալ, որ` ի տարբերություն շատ այլ բույսերի, հովտաշուշանի թույները չեն կուտակվում օրգանիզմում։ 16-18-րդ դարերում հովտաշուշանը բժշկության խորհրդանիշ էր համարվում, օրինակ, քչերին է հայտնի, որ Ն. Կոպեռնիկոսը եպիսկոպոս Վինդերոդեի մոտ ոչ միայն անձնական քարտուղարի, այլ նաև բժշկի պաշտոն էր զբաղեցնում։ Պահպանվել է նրա դիմանկարը, որի վրա պատկերված են նաև հովտաշուշաններ։ Նման օրինակները բազմաթիվ են։ Անգլիայում հովտաշուշանի ծաղկային թուրմը պահվում էր արծաթով պատված կամ ոսկեզօծ տարաներում և կոչվում էր «ոսկյա ջուր»։ Թուրմն օգտագործվել է նյարդային խանգարումների և գլխացավի բուժման համար։

 

Արևմտյան Եվրոպայում հայտնի էր Հարթմանի ծաղկաթուրմը, որն օգտագործում էին կաթվածի (պարալիչ) բուժման համար։ Հարբուխի և գլխացավի բուժման նպատակով շնչում էին հովտաշուշանի և շագանակի պտղի փոշիների խառնուրդը։ Գերմանիայում գինու մեջ թրմված ծաղիկի ոգեթուրմը կիրառվել է պարալիչի բուժման և հիշողությունը լավացնելու համար։ Հովտաշուշանի վերգետնյա մասը պարունակում է սրտի աշխատանքը կարգավորող գլիկոզիդներ, սապոնիններ, ասկորբինաթթու, ֆլավոններ, ասպարագին, խնձորի և կիտրոնի թթուներ։ Ծաղիկներում շատ են եթերային յուղերը։ Բույսն ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկերում, պարունակվում է վալոկորդինի, կորվալոլի, կարդիովալենի կաթիլների մեջ։ 

Որպես բուժիչ հումք` մթերում են տերևը, ցողունը, ծաղիկը։ Հավաքում են ծաղկման սկզբում, թառամած ծաղիկները պիտանի չեն բուժման համար։ Չորացրած տերևները պետք է ունենան կանաչավուն երանգ։ Հովտաշուշանն ունի արտահայտված հակավարակային, նյարդային համակարգը հանգստացնող, մարսողությունը և միզարձակությունը կարգավորող, միզամուղ, այտուցումը նվազեցնող, քնաբեր հատկություններ։ 

Նույն շարքից