Առողջապահություն 

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շրջայց է կատարել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վերջին օրերին բնակչության շրջանում նկատվող սուր շնչառական հիվանդությունների  թվի որոշակի աճով պայմանավորված, հունվարի 9-ին և 10-ին քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տեղերում իրավիճակին ծանոթանալու համար Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ, ինչպես նաև «Նոր Արաբկիր» առողջության կենտրոն է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետի տեղակալին նախ ներկայացրել է դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը պոլիկլինիկաներ դիմած քաղաքացիների  վիճակագրությունը, ըստ որի, հետազոտվել է 915 քաղաքացի, իսկ շտապ օգնության ծառայության  կողմից սպասարկվել է շուրջ 6800 կանչ, որից 1150-ի դեպքում քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց:

Քաղաքապետի տեղակալը շրջայցի ընթացքում հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների և աշխատակազմերի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել հատկապես սուր  շնչառական հիվանդություններով դիմած քաղաքացիներին ցուցաբերվող օգնության, հետագա բուժման և տնային կանչերի իրականացման ընթացքի մասին: Ինչպես բուժհաստատությունների ղեկավարները, այնպես էլ մասնագետները վստահեցրել են, որ չնայած սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճին, ներկայում համաճարակային կամ, առավել ևս, խուճապի մատնվելու որևէ հիմք չկա և իրավիճակը միանգամայն վերահսկելի է: Բուժհաստատություններում ապահովված է անհրաժեշտ բոլոր հետազոտությունների մասնագետների ներկայությունը:

Առանձին բուժհաստատություններում այս օրերին արձանագրված ցուցանիշները ուղիղ համեմատական, երբեմն էլ անգամ ցածր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Իսկ սուր շնչառական հիվանդությունների որոշակի աճը տարվա այս ժամանակահատվածում բժիշկները պայմանավորել են սեզոնային գործոնով: Այդուհանդերձ, քաղաքապետի տեղակալը բուժհաստատությունների տնօրեններին և բժիշկներին հանձնարարել է հնարավորին արագ արձագանքել ցանկացած քաղաքացու խնդրին, իրականացնել բարեխիղճ և պատշաճ սպասարկում և հետամուտ լինել նրա լիարժեք ապաքինմանը:
Դավիթ Օհանյանը այցելել է նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ ծանոթացել է նաև այլ հիվանդությունների ախտանիշներով ստացիոնար բուժում ստացող հիվանդների բուժման դինամիկային: Քաղաքապետի տեղակալը բոլոր բուժհաստատություններում զրուցել է հիվանդների և նրանց հարազատների հետ, քաջառողջություն մաղթել, նաև հորդորել՝  ցանկացած գանգատի դեպքում դիմել բժիշկների օգնությանը և չզբաղվել ինքնաբուժմամբ: Քաղաքապետի տեղակալը  վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով:

1 2 3 4 5 6 7

Նույն շարքից