Առողջապահություն 

Հայաստանում կուսումնասիրվի դեղարտադրության ոլորտում բելառուսական փորձը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մինսկի Դեղերի արտադրության դեպարտամենտ` ծանոթանալու  կառույցի գործունեությանը, արտադրական պայմաններին:   Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Դեղարտադրության ոլորտում մասնագիտացած այս կառույցը ամենահինն  ու խոշորն է Բելառուսում, որն իր գործունեությունն սկսել է դեռևս 1929 թվականից: Այն սերտորեն համագործակցում է աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ` մշտապես իրականացնելով  նպատակային ծրագրերը, հաջողությամբ  կիրառում է արտադրական նորագույն տեխնոլոգիաներ և մեթոդեր, ունեն պատշաճ արտադրական գործունեության  (GMP) հավաստագրեր: Դեպարտամենտում տարեկան գրանցվում և ներդրվում է  10-ից 15 նոր դեղ: 

Շահագրգիռ մարմինների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում երկու երկրի ներկայացուցիչներն անդրադարձել են դեղերի արտադրության, գրացնման, իրացման, ոլորտի կանոնագարման  խնդիրներին:

Քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միությունում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների շրջանառության միասնական սկզբունքներին և կանոններին վերաբերող հարցեր: 

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության:  Մասնավորապես` ծրագրվել է դեղարտադրության ոլորտում բելառուսական փորձի ուսումնասիրման և դրա արդյունավետ կիրառման նպատակով հայաստանյան մասնագետների այց գործընկեր երկիր:

Բելառուսում ձգտում են ավելացնել տեղական  դեղերի արտադրությունը: 29 դեղարտադրող կազմակերպությունից  5-ը պետական են և գործում են անմիջապես  կառավարության վերահսկողության ներքո:  

Նույն շարքից