Բժիշկներին ապշահար է արել 14-ամյա մեքսիկացու հիվանդությունը: Դեռահաս տղան ուժեղ ֆոբիայով է տառապում. նա վախենում է մեծանալուց և ամեն կերպ փորձում է թաքցնել տարիքային փոփոխությունները:
Ինչպես գրում է Meddaily-ն` Live Scientist-ին հղումով, տղան գրեթե ոչինչ չի ուտում, փորձում է փոխել ձայնը:
Վախը տղայի մոտ հայտնվել է 11 տարեկանում: Հենց այդ ժամանակ պարզելով, որ սննդարար նյութերը նպաստում են աճին, սկսել է ավելի քիչ ուտել և 12 կգ քաշ է կորցրել: Հասակը նվազեցնելու համար նա անընդհատ կռանում է: Սակայն ամեն անգամ հասակի աճ նկատելով` նրա մոտ խուճապ ու վախ է առաջանում: Արդյունքում տղան սկսել է երազել վիրահատության մասին, որը նրան մանկություն կվերադարձներ: Տղան մտածում է, որ երբ մեծանա, կհիվանդանա և կմահանա:
Նրա մայրը մինչ օրս տղային վերաբերվում է որպես փոքրիկ երեխայի. նրա համար օրորոցային է երգում և ամեն օր հագցնում շորերը: Մեկ տարվա ընթացքում դեռահասը հոգեբանների է այցելել, սակայն բուժումը չի օգնել: Նրա մոտ ախտորոշել են գերասկոֆոբիա` ծերանալու վախ:
Ներկայում տղան հակադեպրեսանտ է ընդունում և հաճախում հոգեթերապևտի: Նրա վիճակը բարելավվել է, նա այլևս չի կռանում, խոսում է իր ձայնով և 6 կգ-ով գիրացել է: