2014 թվականին նախատեսված էր ուսումնասիրություն անել Քաջարանի բժշկական կենտրոնում, սակայն դեպքը եղավ ուսումնասիրությունից առաջ: Այս մասին Ազատություն TV-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Առողջապահության նախարարության, բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը` անդրադառնալով «Քաջարանի բժշկական կենտրոնում» հեպատիտ C-ով վարակվածների և առողջապահության ոլորտում առկա խնդիրների մասին:
Ինչ վերաբերում է հարցին, թե նախարարը ինչու անձամբ չի այցելել Քաջարան, բանախոսն ասաց, որ փոխնախարարը, ստեղծված հանձնաժողովի անդամները տեղում են եղել և նախարարին չեն ահազանգել, թե` ձեր անմիջական ներկայությունը խնդրի համար անհրաժեշտություն է:
Անդրադառնալով մարզային կլինիկաներին, նա ասաց, որ չէր ցանկանա տարանջատել Երևանի և մարզային կլինիկաները: «Մարզային հիվանդանոցների մի մասը վերազինված են, վերանորոգված են և համաձայն եմ, որ կրթական ցենզը պետք է բարձրացնել»,- ասաց նա և նշեց, որ միայն Քաջարանով չեն սահմանափակվելու և աշխատանքային խմբերը հանգամանորեն աշխատում են, որպեսզի վերհանվի բոլոր խնդիրները, որից հետո նա վստահեցրեց, որ համապատասխան քայլեր կլինեն:
«Մեր հանձնաժողովը կետ առ կետ գրել է այն խնդիրները, որտեղ նկատել է խախտումներ»,-ասաց նա և նշեց, որ միայն վերազինելով և վերանորոգելով` ինչպես երևում է, վերջնական խնդիրը չի լուծվում:
Հարցին, թե արդյոք բժշկական կենտրոնին կզրկեն լիցենզիայից Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ այդ հարցն իրավապահների տիրույթում է գտնվում: «Մենք լիցենզիան տալիս ենք, սակայն զրկելը դատական համակարգով է լինում: Մենք կարողանում ենք կասեցնել, այս պահին դեռ կասեցված չէ, սակայն վիրաբուժական գործունեությունը դադարեցված է»,- ասաց նա:
Ինչ վերաբերվում է Քաջարանի բժշկական կենտրոնի տնօրենի Հայաստանում չլինելուն, նա ասաց, որ մարզպետարանից ստացած տեղեկության համաձայն` սեպտեմբեր ամսից նա գտնվում է արտերկրում` վերապատրաստման դասընթացների և արդեն նոր պաշտոնակատար է նշանակված: Իսկ Առողջապահության նախարարության լծակների վերաբերյալ նա նշեց. «Մենք ունենք լծակներ, և դրանք գործով ցույց կտանք մոտ ժամանակներս»:
Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ որոշում է ընդունվել, որ այսուհետ բժշկական կազմակերպության ղեկավարները հարցազրույց անցնեն նաև առողջապահության նախարարի մոտ:
Անդրադառնալով հիվանդների վիճակին` նա հայտնեց, որ 15 հիվանդից 9-ը բուժվել է ստացիոնար, իսկ մյուսները վարակակիր են և ստացիոնար բուժման անհրաժեշտություն չունեն: «ՀՀ-ում կարող ենք հեպատիտ C բուժել, այլ բան է, որ որոշ մարդիկ նախընտրում են բուժվել արտերկրում»,- ասաց նա: