Իրավական 

Բակո Սահակյանը ԼՂՀ ոստիկանապետին հանձարարել է ծառայողական քննություն անցկացնել Բերձորի միջադեպի վերաբերյալ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին հրավիրել է խորհրդակցություն` հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու Քաշաթաղի շրջանի հատվածում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:


Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել մեր հասարակության տարբեր հատվածներում: Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին` ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու եւ հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել  համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետեւանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից եւ բախումներից,  ինչն ստացավ հանրային հնչեղություն:


Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է ոստիկանապետին անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եւ արդյունքների մասին զեկուցել հանրապետության Նախագահին` անհրաժեշտ եզրահանգումների համար:


Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն շարքից