Իրավական 

ՀՀ կառավարությունն իր իրավասությունների սահմաններում պատրաստ է աջակցել Պերմյակովի գործի քննությանը

analitik.am

Այս պահին թե' Հայաստանի Հանրապետության, թե' Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները շարունակվում են առնաձին հանցակազմերով գործերի քննությունը Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: «Հանցագործին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ պարզաբանումներ տվել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ազգային ժողովում այդ հարցերի վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»,-  նշեց Մանուկյանը:


Նա ընդգծեց, որ, այս ամենը հաշվի առնելով, կառավարությունը նպատակահարմար չի համարում հավելյալ իրավական մեկնաբանություններ անել՝ կապված քննչական և դատական սուվերենության, համապատասխան իրավապահ մարմինների իրավասությունների սահմաններում: «Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ այն դեպքում, երբ գործը գտնվում է նախաքննության փուլում, քաղաքական և հուզական բնույթի հայտարարություններ և մեկնաբանություններ են հնչում: Դրանք կարող են անհարկի միջամտություն լինել, կարող են խանգարել քրեական գործով համապատասխան իրավական ընթացաարգերի իրականացմանը: Նաև առկա է որոշակի համագործակցութան ձևաչափ Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան ծառայությունների միջև: Քննչական կոմիտեների նախագահների մակարդակով համագործակցության վերաբերյալ նույնիսկ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել, որը պետք է ապահովի քրեական գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը և օրինականությունը»,- ընդգծեց Մանուկյանը:


Նախարարը հիշեցրեց նաև, որ ՀՀ գլխավոր դատախազն արդեն իսկ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազին:«Կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում իր իրավասության սահմաններում աջակցել ցանկացած գործընթացի, որով կարող է հնարավորություն ստեղծել այնպիսի լուծման, որը կլինի ոչ միայն օրիանական, այլ հանրության շահերի տեսանկյունից կհամապատասխանի նաև արդարության չափանիշներին: Հույս ունենք, որ մենք դրա ականատոսը կլինենք»,- եզրափակեց նախարարը:

Նույն շարքից