Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող, և փետրվարի 9-ին քննիչը գնացել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար (բժիշկների հավաստմամբ՝ ավելի վաղ նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու)։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին պարզել՝ «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքում, որտեղից Արտակ Խաչատրյանին առևանգել են, տեսանկարահանող սարքեր կա՞ն, թե՝ ոչ, իսկ հայտնաբերելու դեպքում վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրությունները:
Քրեական գործի նյութերի համաձայն, Արտակ Խաչատրյանին առևանգել են մի խումբ անձինք՝ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ ինչպես առևանգման, այնպես էլ՝ նրա նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և շրջանակը պարզելու ուղղությամբ։