Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջով, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հրապարակի Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ նամակի բովանդակությունը:
Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հրավիրված հանրային քննարկմանն ասաց Դանիել Իոանիսյանը:
«Երեկ արդեն հայցադիմում ենք ներկայացրել դատարան՝ պահանջով, որ պարտավորեցնեն ՀՀ գլխավոր դատախազին հրապարակել Ռուսաստանի դատախազին ուղղված նամակի բովանդակությունը»,-ասաց նա:
Նշենք որ Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը:
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ:
Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով):
Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: