Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «ՙՓորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանին: Այս մասին տեղեկացնում է փաստաբանների պալատը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը:
Թե՜ փաստաբանների պալատի եւ թե՜ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» ներկայացուցիչները հույս են հայտնել՝ համատեղ ջանքերով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հնարավորություն կտան փաստաբաններին եւ բյուրոյին որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել քաղաքացու պաշտպանությունը դատական ատյաններում, ինչպես նաեւ նեղ մասնագիտական փորձաքննությունների մասին կիրազեկեն փաստաբաններին:
Միաժամանակ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» ՀՀ փաստաբանների պալատին կներկայացնի այն բոլոր փորձաքննությունների տեսակները (ենթատեսակները), որոնցով փաստաբանները կարող են ինքնուրույն դիմել եւ փորձաքննություն պատվիրել։ Հանդիպմանը ներկա Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հետ էլ քննարկվել են Փաստաբանական դպրոցում Ազգային Բյուրոյի բարձրակարգ մասնագետների դասախոսություններ կարդալու հնարավորությունը:
Կողմերը պայմանավորվել են ակտիվ աշխատել այդ ուղղությամբ եւ կարճ ժամանակում համագործակցության առաջին քայլերը կատարել: Որպես նախնական փուլ Փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար շրջայց կկազմակերպվի Փորձաքննությունների ազգային բյուրոյում, որպեսզի ծանոթանան վերջինիս հնարավորություններին: Հանդիպման ավարտին Արտաշես Ջավադյանը շրջայց է կատարել Պալատում՝ եղել է Փաստաբանական դպրոցում եւ Հանրային պաշտպանի գրասենյակում: