Բրիտանական Daily Mail-ն այսօր մի հոդված է նվիրել Complex ամսագրի հանրահայտ շապիկին, որի 2007-ի մարտ ամսվա համարի շապիկը զարդարում էր Քիմ Քարդաշյանը։
Դա առաջին հարցազրույցն էր ապագա հեռուստաաստղի հետ: Քիմ Քարդաշյանն այն ժամանակ իրեն անվանում էր «արքայադուստր Քիմ» ու նրան ընդամենը որպես Փերիս Հիլթոնի ընկերուհի էին ճանաչում, գրում է պարբերականը:
26-ամյա Քիմը շապիկին սև ներքնազգեստով էր ու Louboutin-ի կոշիկով:
Շապիկի վրա գրված էր. «Ո՞վ է Քիմ Քարդաշյանը. Փերիս Հիլթոնի ընկերուհին սեքսի մասին: Ստեր ու տեսաերիզներ»:
Այն ժամանակ հարցազրույցում Քիմը նշել էր, որ պաշտում է երեկույթները ու դահուկով սահելը: Նա նաև պատմել էր այն մասին, թե ինչ է նշանակում հարուստ լինելը:
«Մարդիկ չարաչար սխալվում են՝ կարծելով, թե մենք ինչ-որ հիմնադրամի զավակներ ենք: Իրականում ամեն ինչ հակառակն է: Ես գիտեմ՝ մարդիկ կարծում են, որ մենք գեղեցիկ ավտոմեքենաներով ենք շրջում ու անում ենք այն, ինչ ուզում ենք, իսկ մեր ծնողները վճարում են այդ ամենի համար: Դա այդպես չէ: Իհարկե, մեր ծնողները առատաձեռն մարդիկ են: 16 տարեկանում ես գեղեցիկ մեքենա ունեի, բայց 19 տարեկանում ես արդեն աշխատում էի, իմ խանութն էի բացել»,- նշել է հայուհին:
