Իրավական 

Փաստաբանները փորձագիտական կենտրոնների կարիք ունեն

analitik.am

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի և ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև ստորագրվեց հուշագիր, որը ստորագրեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը։ Վերջինս համոզմունք է հայտնում, որ մեր երկրի համար խիստ կարևոր է դատական համակարգի մրցակցային սկզբունքի առավել զարգացումն ու դատարանի անկախությունը։



«Այդ առումով շատ կարևոր է, որպեսզի Փորձաքննությունների բյուրոն, որպես դատական փորձագիտության, քրեագիտության և կիրառական քրեաբանության խոշորագույն կառույցը մեր երկրում՝ աշխատի ոչ միայն ուժային կառույցների, այլ նաև պաշտպանական կողմի հետ, և հենց այդ առումով էլ շատ կարևորում եմ մեր համագործակցությունը Փաստաբանների պալատի միջև»,-նշեց Արտաշես Ջավադյանը։



Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ իր հերթին շեշտում է, որ արդարադատության իրականացնման ճանապարհին փաստաբաններն ունենում են խնդիրներ, մասնավորապես վարչական, քաղաքացիական, կամ քրեական դատավարության գործերով երբեմն առնչվում են հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի, իսկ որպեսզի փաստաբանը կարողանա իր վստահորդին բավարար իրավաբանական օգնություն ապահովել խնդիր է առաջանում դիմել համապատասխան փորձագիտական կենտրոնների։ Ըստ նրա շատ կարևոր է, որպեսզի փորձագիտական կենտրոնները ունենան բավարար տեխնիկական միջոցներ, հմուտ մասնագետներ, և ունենան այն ուղղությունը, ինչից կարող է օգտվել փաստաբանը։ «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում պարոն Զոհրաբյանը հուշագրի ստորագրման նպատակի մասին նշում է. «Այսօրվա հուշագիրը հնարավորություն կտա մեր փաստաբաններին դիմել արտադատական կարգով բյուրոյին և ստանալ համապատասխան եզրակացություններ կամ հետազոտությունների արդյունքներ»։

Նույն շարքից