Իրավական 

Գլխավոր հարկադիրը 35 երկրների ԴԱՀԿ ղեկավարներին հրավիրել է Երևան

analitik.am

ՀՀ ԴԱՀԿ ծառայության պատվիրակության աշխատանքային այցի առաջին օրը կայացավ հանդիպում Սերբիայի Հանրապետության նախագահական նստավայրում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին և պատվիրակության անդամներին ընդունեց Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդական պարոն Օլիվեր Անտիչը:



Հանդիպման սկզբում ողջունելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին և պատվիրակության անդամներին` պարոն Անտիչն ընդգծեց, որ պատիվ ունի ընդունելու բարեկամական երկրից բարեկամական երկիր ժամանած պատվիրակությանը և կարևորեց երկու երկրների միջև տարբեր մակարդակներով փոխադարձ կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:



Նախագահի խորհրդականն անդրադարձ կատարեց նաև հարկադիր կատարման գործառույթի նշանակությանը յուրաքանչյուր երկրում արդարադատության պատշաճ իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իր հերթին ներկայացրեց ՀՀ հարկադիր կատարման ծառայության գործառույթները, տեղը և դերը պետական մարմինների համակարգում, ինչպես նաև այլ պետությունների համապատասխան ծառայությունների հետ համագործակցության ներկայիս շրջանակները և զարգացման հեռանկարները:



Միհրան Պողոսյանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայությունը միջոցներ է ձեռնարկում համագործակցության համար իրավական հիմքերի ձևավորման ուղղությամբ, և տեղեկացրեց, որ սույն աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է նաև Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի հետ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում:



Սերբիայի Հանրապետության Նախագահի խորհրդականի խնդրանքով Միհրան Պողոսյանը մանրամասն ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախապատրաստական միջոցառումները:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղեկացրեց, որ իր հերթին Ծառայությունը հրավերներ է ուղարկել շուրջ 35 երկրի հարկադիր կատարման համապատասխան ծառայությունների ղեկավարներին՝ սույն թվականի ապրիլի 26-ին այցելելու Հայաստան և ծառայության հետ միասին հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Նույն շարքից