Իրավական 

Սոցիալական ցանցով կնոջից գումար հափշտակելու մեղադրանքով գործն ուղարկվել է դատարան

analitik.am

Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացած կնոջից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 
Քննության արդյունքներով մեղադրյալի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ ՔԿՀ ուղարկվել է միջնորդություն՝ հանցագործության կատարմանը նպաստած պայմանները վերացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քնչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

 



Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ս.Գրիգորյանը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի մի բնակչուհու հետ՝ ներկայանալով որպես Վրաստանի Հանրապետության տուրիստական գործակալության աշխատակից։
Ձեռք բերելով կնոջ վստահությունը՝ դատապարտյալը 2014 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսներին տարբեր պատճառաբանություններով տարբեր անձանց միջոցով նրանից վերցրել է ընդհանուր առմամբ 420 հազար դրամ՝ հետագայում վերադարձնելու պայմանով, սակայն՝ հափշտակել։




Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործության կատարմանը նպաստել է «Գորիս » ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, որի արդյունքում գործով մեղադրյալն ազատ օգտվել է բջջային հեռախոսից ու իրականացրել իր հանցավոր նպատակները: 





Քննության արդյունքներով՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետը միջնորդագիր է ներկայացրել «Գորիս» ՔԿՀ-ի պետին՝ նշված քրեակատարողական հիմնարկում հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ գործնական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
2015 թվականի փետրվարի 24-ին ստացվել է գրավոր պատասխան, որ միջնորդագիրը քննարկվել է ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների հետ՝ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու նպատակով։



Միաժամանակ նշվել է, որ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու համար ՔԿՀ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար 9 ծառայող 2014թ. ընթացքում ենթարկվել է քրեական պատասխանատվության։

 

Նույն շարքից