Իրավական 

Երեխաներն ավելի շատ ենթարկվում են հոգեբանական բռնության. հոգեբան

analitik.am

Հայաստանում մեծ թիվ են կազմում երեխաների բռնության, ինչպես նաեւ թրաֆիկինգի դեպքերը:  Թամարա Յայլոյանի խոսքով, 2 տասնամյակ է, ինչ երեխաների անհոգ մանկությունը մեր երկրում ապահովված չէ: «Խնդիրը սոցիալական անհավասարությունն է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բռնության ենթարկվում են հիմնականում այն անչափահաս երեխաները, որոնք կամ ծնողազուրկ են կամ սոցիալապես խիստ անապահով»,-վստահեցրել է փաստաբանը:

Նրա խոսքով, երեխաների թրաֆիկինգ ասվածը լայն հասկացողություն է, այն երեխաների շահագործումն է անօրինական տեղափոխումը այլ երկրներ, կիրառվող բռնությունները եւ այլն: «Գուցե երեխաների անօրինական տեղափոխման ու առեւանգման դեպքերը նվազել են, բայց ավելացել են բռնության դեպքերը, հայ հասարակությունն օրեցօր ականատեսն է լինում այնպիսի աղմկահարույց դեպքերի, որ սխալ կլինի միանշանակ ասել թե երեխաների թրաֆիկինգը Հայաստանում տարածված չէ»,-ասել է փաստաբանը:

Նա, որպես բռնության վառ ապացույց, բերում է  Գյումրիում արձանագրված մանկապղծության դեպքը: «Բացի այդ, մեր առօրյա կյանքում շատ են այն դեպքերը, երբ ծնողները ստիպում են իրենց անչափահաս երեխաներին գումար վաստակել, թեեւ ՀՀ սահմանադրությունում ամրագրված է, որ 12-13 տարեկան երեխաները չունեն աշխատելու իրավունք»,-ասել է նա:

Իսկ Գյումրիում գործող հոգեբան Արմինե Գմյուր-Կարապետյանն անրադարձել է բռնությունների հոգեբանական դրսեւորումներին: «Չպետք է մոռանալ, որ անչափահասները շատ դեպքերում նաեւ հոգեբանական բռնության են ենթարկվում:Մեր երկրում, օրինակ` հոգեբանական բռնության դեպքերն են գերակշռում, դրանց հետեւանքներն ավելի բարդ են, այդ պատճառով այն մարդիկ ովքեր ինչ-որ չափով առնչություն ունեն անչափահասների հետ, պետք է  ծանոթանան այն խնդիրներին ու հետեւանքներին, որոնք առաջանում են  հոգեբանական բռնության արդյունքում»,-հավելել է նա:

Ըստ մասնագետների, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անչափահասների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի մի մասը չի բացահայտվում: Խոսքը հիմնականում սեռական բռնությունների մասին է:  Խոսել այդ մասին մեր երկրում շատերը չեն ցանկանում, համարելով այն հայ հասարակության համար խորթ:

Սկզբնաղբյուր ՝ impoqrik.am

Նույն շարքից